Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի «անվտանգության միջոցառումները նաև թափառող կենդանիների համար են» 


Վարչապետ Փաշինյանի կառավարման չորրորդ տարում Ազգային ժողովի փակված դարպասներն էլ ավելի են ամրանում։ Պարիսպներն ավելի բարձրանում, և դրանց վրա երկաթյա ճաղավանդակներ են ավելանում։ Այդպես ավելի անվտանգ կլինի, պարզաբանում է Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը. «Դրանով դժվարանցելի է դառնալու Ազգային ժողով մուտքը»:

Խորհրդարանի, նախագահականի դարպասները Փաշինյանը բացեց վարչապետ ընտրվելուց հետո՝ կարճ ժամանակով։ Բայց թե նախագահականի, թե խորհրդարանի այգիները փակվեցին շարքային քաղաքացիների համար դեռ 44-օրյա պատերազմից առաջ։ Ազգային ժողովի դարպասներըը զոդվել են:

«Մենք նախորդ հանրահավաքի ժամանակ դեպք ունեցանք, երբ ցնցում էին ԱԺ դարպասները, որից հետո անմիջապես դրան հաջորդեցին ամրացման աշխատանքներ», - հավելեց խոսնակը:

Հիմա էլ Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցների կողմից քարե պարիսպների վրա երկաթյա ճաղավանդակներ են տեղադրվելու, աշխատանքներն արդեն սկսվել են:

«Չեմ ուզում վտանգը գերագնահատել կամ փոքրացնել, ամեն դեպքում ակնհայտ է, նաև անզեն աչքով տեսանելի է , որ այդ հատվածները լրացուցիչ պաշտպանության կարիք ունեն», - նշեց Ծովինար Խաչատրյանը:


Ազգային ժողովը բոլոր կողմերից շրջապատված է թե քարե բարձր պարիսպներով, թե երկաթյա ճաղավանդակներով։ Ի՞նչ է պատահել, որ իշխանությունը որոշել է բազմապատկել պարիսպների ամրությունը։ Ի՞նչ վտանգ է սպառնում պատգամավորներին։ Ալեն Սիմոնյանի խոսնակն ասում է՝ անվտանգության միջոցառումները միայն մարդկանց մուտքը կանխելու նպատակով չեն. «Անվտանգության միջոցառումն առհասարակ բոլորի համար է, այդ թվում նաև թափառող կենդանիների: Կենդանիներ մտնելու դեպքեր եղել են, գրանցվել են այստեղ»:


Անվտանգության աշխատանքները մինչև դեկտեմբերի սկիզբ պետք է ավարտվեն, ասում է Ծովինար Խաչատրյանը։ Իսկ ինչու մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակ։ Սա կապ ունի՞ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, որ ցանկանում են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։

«Որևէ կապ ես չեմ տեսնում այդ փաստաթղթի ստորագրման և ճաղավանդակների աշխատանքների հետ», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։


Իսկ ումի՞ց, ինչի՞ց են պաշտպանում խորհրդարանը, ի՞նչ սպառնալիքներ կան, իշխանական պատգամավոր Հակոբյանն ուղիղ է պատասխանում՝ ընդդիմությունից են զգուշանում. «Երբ որ Բաղրամյան պողոտան փակ էր, շատ էին հնչեցնում այդպիսի կոչեր, որ չգիտեմ, «սրանց պետք է գնդակահարել», տարբեր-տարբեր գնահատականներ, բռնության կոչեր են հնչել»:


Ընդդիմությունից ովքեր են իշխանությանը սպառնացել, վտանգավոր կոչեր արել, Հրաչյա Հակոբյանը կոնկրետ անուններ չի նշում։ Նորմալ է համարում փակվող ու ավելի ամրացվող դռները, չորս տարի առաջ բոլորովին այլ վիճակ էր, ասում է. «Չունեինք այնպիսի ընդդիմություն, որ ասեին՝ էսա գնալու ենք, էս պատգամավորին տնից, պատուհանից դուրս էին շպրտելու»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ այս վեր բարձրացող ու ավելի ամրացող պարիսպները խորհրդրանշում են Փաշինյանի իշխանության ու հասարակության միջև անջրպետի խորացման մասին։ Վերջին չորս տարիները ցույց տվեցին, որ ընդամենը անձերն են փոխվել համակարգը նույնն է. «Երբ տեսնում ես, որ իշխանությունը ստեղծում է այդպիսի պատնեշներ, ուրեմն ինքը վախ ունի, որ հասարակությունը դարձյալ հուսալքվել է և կարող է դիմել այնպիսի քայլերի, որ իրենք այլևս իշխանություն չունենան:

Տեսնում ես, որ իշխանությունն այն խումբն է, որն օգտվում է արտոնություններից և այդ արտոնությունները չխլելու համար անջրպետվում հասարակությունից», - ասաց նա:

Ազգային ժողովի պարիսպների ամրացմանը այս պահին հատկացրել են 8.5 միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG