Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաները Իրանում շարունակվում են


Չնայած Իրանի իշխանությունների նախազգուշացումներին, բողոքի ակցիաները երկրի տարածքում շարունակվում են։ Վերջին ժամերին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ բողոքի ակցիաների հիմնական կենտրոններից մեկը շարունակում են մնալ Իրանի քրդաբնակ շրջանները։

Իրավապաշտպանների տարածած տեսանյութերում մասնավորաբար երկրի արևմուտքում գտնվող Մեհաբադ քաղաքում կազմակերպված ցույցի հարյուրավոր մասնակիցներ են երևում։ Բողոքի այս մի ակցիան տեղի էր ունեցել նախօրեին՝ ոստիկանության հետ բախումների ժամանակ զոհված տեղացիներից մեկի հուղարկավորության ընթացքում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հաղորդել է Իսֆահան քաղաքի մերձակայքում կազմակերպված մեկ այլ բողոքի ակցիայի մասին՝ չհստակցնելով, սակայն, արդյոք այն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, թե ոչ։

Ցույցերին զուգահեռ Իրանում մեծ ճանաչում ունեցող մշակութային գործիչները շարունակում են հանդես գալ բողոքի ակցիաների մասնակիցներին աջակցության հրապարակային հայտարարություններով։ Այսօր հայտնի դերասանուհի Թարանե Ալիդուստին Instagram-ում մի լուսանկար է հրապարակել, որում պատկերված է առանց գլխաշորի՝ ցուցարարներին աջակցություն հայտնող պաստառը ձեռքին։

Ալիդուստին իրանական ժամանակակից կինոյի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է։ Նա Ասքար Ֆարհադիի «Վաճառականը» ֆիլմի գլխավոր դերակատարուհին էր։ Ֆիլմը 2017 թվականին արժանացել էր Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի։ Բողոքի ակցիաները Իրանում շարունակվում են արդեն 54 օր։ Դրանց ընթացքում, ըստ իրավապահների, ավելի քան 300 մարդ է զոհվել, ցույցերի 14 հազար մասնակիցներ ձերբակալվել են։

XS
SM
MD
LG