Մատչելիության հղումներ

Դատախազությունը Պեմզաշենում տեղի ունեցածի որոշ մանրամասներ է հրապարակում


Ոստիկանությունը տան մոտ, որտեղ տեղի է ունեցել դեպքը, Պեմզաշեն, 9-ը նոյեմբերի, 2022թ.

Գլխավոր դատախազությունը որոշ մանրամասներ է հրապարակել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նախօրեին տեղի ունեցածի վերաբերյալ:

Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Պեմզաշենի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում հաղորդում է ստացվել նոյեմբերի 9-ին ժամը 12:28-ին:

Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշենի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 31-ամյա Զ.Մ-ի և նրա երեխաների՝ 12-ամյա Կ.Մ-ի և 8-ամյա Ս.Մ-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով: Նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Դեպքի վայրի զննությամբ նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում», - մանրամասնում է Դատախազությունը:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, որոշումներ են կայացվել Զ.Մ-ին, Կ.Մ-ին և Ս.Մ-ին տուժող ճանաչելու մասին: Կատարվում են քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

«Գլխավոր դատախազությունը հանրությանը պարբերաբար կտեղեկացնի վարույթի ընթացքի վերաբերյալ և հորդորում է զանգվածային լրատվության միջոցներով չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքներով և կարող են խուճապի ու տագնապի պատճառ հանդիսանալ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG