Մատչելիության հղումներ

Լրացավ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման երկրորդ տարին. «Եռաբլուրը» նորից մարդաշատ էր


Ուղիղ երկու տարի առաջ այս օրը արկի պայթյունը խլեց Վարդիթեր Հակոբյանի ավագ որդու կյանքը։ Համլետ Հովհաննիսյանը զոհվեց Կարմիր շուկայում՝ հրադադարի հայտարարությունից ընդամենը մեկ ժամ առաջ:

1993-ին ծնված Համլետը կապիտան էր, պատանի տարիքում ընտրել էր զինվորականի ճանապարհը։ Ռազմական գործն է ընտրել նաև կրտսեր եղբայրը։ Երկուսով կռիվ էին գնացել։ Պատերազմի ավարտից օրեր առաջ փոքրը վիրավորվեց, ծնողները հենց այդ ժամանակ զգում էին՝ պատերազմն իրենց մի զավակին վիրավորելով չի հագենալու:

«Էդ ժամանակ ինչ-որ վատ զգացի ինձ, ոնց որ սիրտս վկայեր, որ երեխաս սենց պիտի լիներ, ուշքս անցավ, իրիկունն էլ՝ ամուսնուս ուշքը անցավ: Եսիմ, վատ էինք գուշակում էլի», - պատմեց մայրը:

Համլետի մահվան երկրորդ տարելիցին այստեղ էին ծնողները, հարազատները, Հովհաննիսյանի երիտասարդ այրին։ «Էլ ի՞նչ հարս, ինքն էլ դարձավ իմ աղջիկը»,- արցունքները չզսպալով՝ ասում է տիկին Վարդիթերը:

«Մի տարի էին ամուսնացած, երեխա չունեին: Էս աղջկան էլ հետը գցեցինք կրակը, քյոռփես ո՛չ գիտի հարս է, ո՛չ գիտի աղջիկ է, շատ մեղկ վիճակ է էս էրեխիս համար, բայց կապերը միշտ շարունակում ենք, իմ աղջիկն է: Հարսս չէ, ընդունել ենք որպես աղջիկ», - նշեց նա:

44-օրյա պատերազմի ավարտից երկու տարի անց «Եռաբլուր» պանթեոնը մարդաշատ էր. հարազատներ, հեռու մոտիկ ծանոթներ... Ծնողների չսպիացող վերքերն էլ՝ լսելի ամեն անկյունից:

Մարտիրոսյանների ընտանիքն իրենց մինուճար զավակի կորստի մասին իմացավ պատերազմի հենց մեկնարկին, լուրերով էին կարդացել տղայի անունը։ Ալեքսին այստեղ՝ «Եռաբլուր» բերել կարողացան պատերազմի ավարտից հետո։ Նրան այլ ընտանիք էր հուղարկավորել:

«Ուրիշ գյուղում ուրիշ ծնող տարել հուղարկավորել է, ասում է՝ «էս իմ տղեն է», որ կռիվն ավարտվեց, ճարեցինք իրան, էդ օրը զոհված մի տղա էլ է եղել, ուղղակի հայրը սխալվել է: Հետո իրենց տղային ստեղ գտել են 40-րդ օրը, եկան, տարան, մերին էլ՝ բերեցինք», - պատմեց մայրը:

Ալեքսը զորակոչվել էր դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, դեռ չէր էլ կողմնորոշվել՝ ինչ է անելու։ Շատ էր սիրում գյուղի աշխատանքը։ Մարտիրոսյանների երազանքները մեկ օրում փշրվեցին՝ Ալեքսն էլ չկա, տունն ու այգին նույնպես. «Ավտոներ ունեինք մեզ, ինքը որ դպրոցն ավարտեց, մեծ ավտո ունեինք, վերցրեց գնաց աշխատանքի, գյուղացիների ցորենը, գարին հավաքեց բերեց ուրախ-ուրախ, հետո գնաց բանակ: Հետո ասում էի՝ «Ալեքս ջան, կգաս, էլի կքշես, ամեն գործ կանես», ասում էր՝ «հա, մամ»:

Ինչպես այս տարվա սեպտեմբերի 27-ին, այնպես էլ այսօր կառավարության անդամների՝ «Եռաբլուր» այցելելու մասին տեղեկություններ չեղան։

XS
SM
MD
LG