Մատչելիության հղումներ

Մահացել է Nazareth ռոք խմբի լեգենդար երգիչ Դան ՄըքՔաֆերթին


Nazareth ռոք խմբի համահիմնադիր, երգահան և երգիչ Դան ՄըքՔաֆերթին, արխիվ

76 տարեկանում մահացել է Nazareth շոտլանդական ռոք խմբի լեգենդար երգիչ Դանիել Ուիլյամ «Դան» ՄըքՔաֆերթին:

Լուրը խմբի Facebook-ի էջում տեղադրել է Nazareth-ի բաս կիթառահար Փիթ Էգնյուն:

«Դանը մահացել է այսօր ժամը12:40-ին: Մերիէնը (երգչի կինը) և ամբողջ ընտանիքը կորցրել են հրաշալի ամուսնուն և հորը: Ես կորցրել եմ լավագույն ընկերոջս: Աշխարհը կորցրել է երբևէ լսած լավագույն երգիչներից մեկին», - գրել է Էգնյուն:

ՄըքՔաֆերթին, Էգնյուն, Մեննի Չարլթոնը (կիթառ) և Դերել Սվիթը (հարվածող) Nazareth խումբը հիմնադրել են 1968 թվականին Դանֆերմլին շոտլանդական ավանում:

Երիտասարդ շոտլանդացի երաժիշտների համար այն տարիներին ոգեշնչման աղբյուր են եղել The Beatles, The Rolling Stones խմբերը և Բրիտանիայում հաստատված ամերիկացի կիթառահար Ջիմի Հենդրիքսը:

Խմբի ամենահայտնի ալբոմը՝ Hair of the Dog, թողարկվել է 1975 թվականին:

ՄըքՔաֆերթին առողջական խնդիրների բերումով 2013 թվականին հեռացել է խմբից՝ այն բանից հետո, երբ իր մասնակցությամբ ձայնագրվել և թողարկվել է Rock'n'Roll Telephone ալբոմը:

Ռոքերի այցեքարտն անմոռանալի խռպոտ ձայնն էր, առողջությունը՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, թույլ չէր տալիս երեք ժամ այդ ձայնով երգել:

«Ես կարող էի ևս մեկ ալբոմ գրել, բայց մարդկանցից փող վերցնել, որ գան ու կարճ համերգ տեսնեն, ինձ համար անընդունելի կլիներ: Այս հիվանդությունն անկանխատեսելի է, մեկ էլ հասկանում ես, որ չես կարող շնչել», - Classic Rock հանդեսին 2013-ին ասել է Դան ՄըքՔաֆերթին:

Նրա հեռանալուց հետո Nazareth-ը շարունակել է համերգները փոխարինող երգիչների մասնակցությամբ: Ինչպես խմբի անդամներն են ասել, «դա հնարավոր է դարձել միայն Դանի համաձայնությամբ և օրհնությամբ»:

Այդ ժամանակ խմբի կազմում համահիմնադիրներից մնացել է միայն Փիթ Էգնյուն:

2019 թվականին ՄըքՔաֆերթին թողարկել է իր հեղինակային ալբոմը՝ Last Treatment:

Nazareth-ի հայտնի հիթերն են Love Hurts, Hair of the Dog, Razamanaz, This Flight Tonight, Miss Misery երգերը:

Աշխարհահռչակ վետերան և ջահել ռոք աստղերն այս ժամերին ցավակցություն են հայտնում Դան ՄըքՔաֆերթիի ընտանիքին, Nazareth-ի երաժիշտներին և խմբի երկրպագուներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG