Մատչելիության հղումներ

«Անճշտություն»՝ ՔՊ կուսակցության վարչության ընտրությունների հաշվարկում


Մինչ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ողջ օրը ամեն կերպ խուսափում էին մեկնաբանել կուսակցության վարչության ընտրություններում սխալ հաշվարկի մասին տեղեկությունը, մեկ այլ կուսակցական՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատել է դա «Ֆակտոր Թիվի»-ի հետ զրույցում։

Ավինյանը տեղի ունեցածը անճշտություն է որակել և տեղեկացրել, որ կուսակցության ղեկավար մարմնի անդամների ընտրության վերահաշվարկի արդյունքները կքննարկվեն այսօր երեկոյան կայանալիք նիստում։ Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ավելի քիչ ձայն են ստացել, քան պատգամավոր Արսեն Թորոսյանն ու ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Կազմի հնարավոր փոփոխությունը պարզ կդառնա այսօրվա նիստից հետո։

Ցերեկը խորհրդարանում վարչության մյուս անդամները, այդ թվում՝ վերահաշվարկ պահանջած Արսեն Թորոսյանը հստակ պատասխաններ չէին տալիս։ Անդամներից Վաղարշակ Հակոբյանը մեր հարցերին չպատասխանեց՝ հղում անելով կուսակցության լրատվական ծառայությանը:

«Ես ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ ես ինքս չունեմ լիազորություն այս պահին մեկնաբանելու: Այո, նորընտիր վարչության անդամ եմ, բայց ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի լինի ինստիտուցիոնալ, մեր մամուլի պատասխանատուները կհնչեցնեն և պարզաբանումներ կտան», - ասաց Հակոբյանը:

Բայց կուսակցության մամուլի խոսնակն էլ այսօր ոչ մի հարցի չպատասխանեց «Քաղաքացիական պայմանագրի» 6-րդ համագումարն անցած կիրակի տեղի ունեցավ։ Կուսակցության 1024 պատվիրակները փակ քվեարկությամբ վարչության 15 հոգանոց նոր կազմ ընտրեցին։ Երեկ վարչության անդամներից Արայիկ Հարությունյանը խորհրդարանում իշխող կուսակցության համագումարը որակեց որպես ամենաթափանցիկն ու ժողովրդավարը:

«Ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ եղել է ձեր առաջ՝ և՛ քվեարկությունը, և քվեարկության թափանցիկությունը, և՛ հաշվարկը: Այսօր վարչությունում հայտնվել են այն մարդիկ, ում պատվիրակները տվել են ձայն: Եվ ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ ձեր ֆիլտրերը մնացել են դեռևս 2017-ի: Սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Հարությունյանը:

Կիրակի վարչության նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ այդ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր զբաղեցնում այդ պաշտոնը, ավելի վաղ Սասուն Միքայելյանը, նրանից առաջ էլ Արայիկ Հարությունյանը։

Կուսակցությունում նախկինում ժողովրդավարության դրսևորում էին համարում այն, որ Փաշինյանը չի հավակնում այդ պաշտոնին։ Ինքը Փաշինյանը դեռ 2019 թվականին այդ հանգամանքը այսպես էր բացատրում. «Ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ եղել և հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Իմ մտադրությունը և նպատակը դա է, որովհետև կարծում եմ, որ դա հակակշիռների, փոխզսպումների ձևավորման առումով ճիշտ մեխանիզմը դա է: Ես կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր արժանիորեն կարող են այդ կարգավիճակն ունենալ»:

Հիմա արդեն վարչության մեկ այլ անդամ Ալեն Սիմոնյանը բացատրում էր, թե ինչու է տրամաբանական հակառակը և թե ինչ դժվարությամբ են Փաշինյանին համոզել զբաղեցնել կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Իսկ ակնհայտ առաջնորդ ունենալու պարագայում վարչության այլ նախագահ ընտրելը Սիմոյանը իմիտացիա է համարում։ Սակայն, անգամ 2018 թվականից հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանի վարկանիշը ամենաբարձրն էր, նա միևնույն է չընտրվեց այդ պաշտոնում, ստացվում է չորս տարի առա՞ջ էիք իմիտացիայով զբաղված հետաքրքրվեցինք Ազգային ժողովի նախագահից։

«Ո՞րն է հակասությունը, հակասությունը նրա մեջ է, որ Հայաստանի Հանրապետությունը լինելով խորհրդարանական երկիր ՀՀ ժողովրդին Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնում է և 54 տոկոսով հաղթում է ընտրությունները, և այլ թեկնածու է առաջարկում կուսակցության ներսում, հենց դա է իմիտացիան: Երբ դու ունենալով ակնհայտ ժողովրդի կողմից ընտրված լիդեր, փորձում ես ևս մեկ այլ լիդեր ձևավորես և տանես կուսակցությունն այլ ուղղությամբ», - պատասխանես Սիմոնյանը:

Այս նոր վարչության կազմում չէր առաջադրվել կուսակցության առանցքային դեմքերից արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարենը կուսակցության համեմատաբար նոր կադրերն են տեղ գտել ղեկավար մարմնում, նրանք առավել ակտիվ են ներքաղաքական հայտարարություններում։ Օրինակ՝ նախկին հանրապետական Գևորգ Պապոյանը, նախկինում ԼՀԿ-ական Հայկ Կոնջորյանը, 2021 -ից հետո պատգամավոր դարձրած Վահագն Ալեքսանյանը։ Իսկ կուսակցության հնաբնակներից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստացած ձայներով զբաղեցրել էր ընդամենը 11 տեղը։

«Այն, որ Ավինյանը ընտրվել է, նշանակում է, որ ինքը թև ունի՞, ես որ ընտրվել եմ, ուրեմն թև ունե՞մ, ուզում եմ հասկանամ էլի, Դրանք խոսակցություններ են, բնական է՝ գնացել է քարոզարշավ, որին ես, ցավոք սրտի, չեմ մասնակցել», - նշեց ԱԺ նախագահը:

ՔՊ-ական Արսեն Թորոսյանը մինչդեռ հրապարակել էր լուսանկարներ, թե ինչպես են վարչության թեկնածուները համագումարին ընդառաջ հանդիպում կուսակցության մարզային պատվիրակների հետ։ Թորոսյանը անգամ սպասվող ընտրությունների հետ էր կապել իր ընտանիքի ձկնաբուծական բիզնեսի մասին ծավալուն հետաքննությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG