Մատչելիության հղումներ

Թեհրանը մտադիր է վերսկսել միջուկային գործարքի վերականգնման շուրջ քննարկումները


Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ քննարկել Թեհրանի և գերտերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված փակուղում հայտնված բանակցությունները։

Իրանցի պաշտոնյայի խոսքերով՝ Թեհրանը նաև մտադիր է պաշտոնական պատվիրակություն գործուղել Վիեննա՝ փորձելու նվազեցնել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ունեցած տարաձայնությունները։ Թեհրանը ՄԱԿ-ին կից կառույցից պահանջում է փակել իրանական երեք կառույցներում հայտնաբերված ռադիոակտիվ հետքերի ծագման հարցով հետաքննությունը:

Միջազգային գործակալությունը պնդում է, որ Իրանն այդ հարցով մինչ օրս համոզիչ պարզաբանումներ չի ներկայացրել, և որ պատրաստ է փակել հետաքննությունը, եթե Թեհրանից պաշտոնական բացատրություն ստանա։

2015-ին ստորագրված պայմանագրով Թեհրանը համաձայնել էր դադարեցնել ուրանի հարստացումը՝ արևմտյան պատժամիջոցների սառեցման դիմաց, չորս տարի առաջ, սակայն, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել գործարքից՝ սահմանելով էլ ավելի կոշտ պատժամիջոցներ։ Միջուկային գործարքի վերականգնման շուրջ ավելի քան մեկուկես տարի առաջ վերսկսված բանակցությունները համակարգող Եվրամիությունը օգոստոսին հայտարարեց, որ համաձայնագրի վերջնական տարբերակը պատրաստ է, այն փոփոխությունների ենթակա չէ, և գործարքի վերածնունդը այժմ կախված է ամերիկյան և իրանական իշխանություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG