Մատչելիության հղումներ

Կկայանա «Հրաշագործը» ներկայացման երևանյան պրեմիերան


Armenia -- The Poster of "Hrashagorts" Show. 02Nov., 2022
Armenia -- The Poster of "Hrashagorts" Show. 02Nov., 2022

Այսօր և վաղը երեկոյան Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա մի շատ ուշագրավ պրեմիերա, որը Համազգայինի և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի համատեղ բեմադրած ներկայացում է։

Վիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսի պրեմիերան արդեն իսկ տեղի է ունեցել Գյումրիում, և ահա նաև մայրաքաղաքի հանդիսատեսը կարող է ծանոթանալ երկու թատրոնների համատեղ աշխատանքին։ Ի դեպ, սա առաջին նմանօրինակ համատեղ բեմադրությունն է, որին կարող են հաջորդել նաև այլ ներկայացումներ։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում երկու թատրոնների նախաձեռնությամբ՝ Համազգային թատրոնի և Աճեմյանի անվան Գյումրու դրամատիկական թատրոնի, սա պարզապես մասնագիտական լավատեսության հսկայական մի լիցք է, հսկայական մի հենք է։ Որովհետև այն, ինչի մասին տարիներով խոսել ենք, քննարկել են, այն, ինչ կարևորել ենք տարիներ շարունակ՝ միջհամայնքային համագործակցություն, համախառն ստեղծագործական կազմ, հաղթահարել թատրոնների ստեղծագործական կոլեկտիվների ներփակվածություն, ավելի շատ ձեռագրեր ռեժիսորական, արտիստական, ստեղծագործական բազմաթիվ շփումներ, որոնք հաղթահարում են կայուն ստեղծագործական կենցաղը, այս ամենը այսօր իրականանում է։ Եվ ես ուզում եմ շնորհավորել իմ գործընկերներին, շնորհավորել մեզ, որովհետև այսօր, շնորհիվ այդ համագործակցության, իրականացվում է կարևորագույն առաջնահերթություն մշակույթի ոլորտի պետական քաղաքականության», - երևանյան պրեմիերային ընդառաջ հրավիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման գլխավոր հերոսուհու՝ ուսուցչուհու դերը մարմնավորած Նարինե Գրիգորյանն ասաց. - «Նոյեմբերի 2-ին և 3-ին վերջապես «Հրաշագործը» գալիս է նաև Համազգայինի բեմ։ Երկու թատրոններ համախմբվել են Նիկոլայ Ծատուրյանի շուրջը, ով նույնպես հրաշագործ է։ Ներկայացման մեջ խաղում է ինը տարեկան երեխա, ով ինչպե՜ս էր մանրակրկիտ աշխատում, ինչքա՜ն հաճույքով ենք մենք իրար հետ համագործակցել։ Եվ ես կարծում եմ, բացի նրանից, որ Երևանի հանդիսատեսը կտեսնի Գյումրիի դերասաններին, Գյումրիի հանդիսատեսը կտեսնի Երևանի դերասաններին։ Այսինքն՝ մենք մեծացնում ենք մեր հանդիսատեսի աշխարհագրությունը, և դա երկու թատրոնների համար մեծագույն հարստություն է»։

Ներկայացման փորձերը մի քանի ամիս ընթացել են Գյումրու թատրոնում և, ինչպես նշում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը. - «Գյումրու թատրոնի համար սա տոն էր՝ էս երկու-երեք ամիսները։ Ինչպես իրենց համար էր հաճելի, էնպես էլ մեզ համար, որովհետև յուրաքանչյուրն իր հետ բերում է նոր մոտեցում ու նոր գեղագիտություն։ Եվ շատ հարթ է ընթացել։ Մենք սկզբից մտածում էինք, որ խնդիրներ պիտի լինեն, թող խնդիրները լինեին միայն տեխնիկական, որոնք շատ հստակ լուծվում են։ Համոզված եմ, որ հետագայում էլ էսպես շարունակելու ենք աշխատանքը։ Ու ասեմ, որ երեք ներկայացում արդեն Գյումրիում խաղացել ենք «Հրաշագործը» լեփ-լեցուն, և յուրաքանչյուր ներկայացում իր հետ բերում է նոր հանդիսատես, ու իրենք բոլորովին տարբեր են։ Ես համոզված եմ, որ մեր ներկայացումը կսիրեն նաև մայրաքաղաքում»։

Պիեսը պատահական չի ընտրվել։ Այն, Նարինե Գրիգորյանի ձևակերպմամբ, հատկապես մեր օրերի համար չափազանց կարևոր ուղերձ ունի. - «Այդ պիեսը վաղուց էր երազում բեմադրել պարոն Ծատուրյանը։ Շատ-շատ գեղեցիկ պիես է։ Հիմնված է վավերագրական պատմության վրա, Հելեն Քելլերի հենց պատմությունն է, որ գիրք է գրել և հետո Վիլյան Գիբսոնը օգտվելով այդ գրքից՝ գրել է այս պիեսը։ Մի աղջիկ էր, ով կույր էր և խուլ, պարզապես չէր կարողանում շփվել մարդկանց հետ։ Ու հայտնվում է ուսուցիչ, ով ուզում է երեխային օգնել խոսել։ Եվ իրոք հենց այդ ներկայացման մեջ ամենակարևորը էդ հավատն է, որ ուսուցիչը ոչ մի րոպե չի կորցնում հավատը, որ կարող է սովորեցնել կույր և խուլ երեխային խոսել։ Եվ չի կորցնում համբերությունը, չի կորցնում կամքը։ Եվ վերջ ի վերջո սովորեցնում է խոսել, քանի որ այդ երեխան արդեն մեծացել է և դարձել է գիտնական՝ մաթեմատիկոս, գրել է վեց գիրք։ Ինձ համար դա ասես մանիֆեստ լիներ հաղթող հերոսի, հերոս, որը ոչ մի բանից չի նահանջում, որին կամքը առաջ է տանում, որովհետև հավատում է, որ կարող է դա անել, ուզում է դա անել։ Այնքան ուժեղ է աշխատում այդ ուղերձը... չեք պատկերացնում ինչքան ուսուցիչներ և բժիշկներ ասում են՝ էս մեր մասին ա էս պատմությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG