Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը արժե թողնել հաջորդ սերունդներին. ՀՀ-ում ՌԴ դեսպան


Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին, Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից հետո հայտարարում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես հիշատակված չէ, անգամ խաղաղապահ զորախմբի մասին պարբերությունում նշված չէ, որ նրանք տեղակայված են Ղարաբաղում։ Մինչդեռ հանդիպման նախօրեին Պուտինը հուսադրում էր, որ Ղարաբաղի մասին հիշատակումը կարող է տեղ գտնել խաղաղության պայմանագրում։ Չնայած դրան Ալիևը Սոչիում պնդեց՝ «Ղարաբաղի հարց չկա», ինքն այն լուծել է 44-օրյա պատերազմով:

Ռուսաստանի դեսպանն այսօր արդեն հայտարարում էր՝ «կարգավորումը պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ համաձայնության արդյունք»։ Իսկ թե խաղաղության պայմանագրում ի՞նչ կետեր պետք է տեղ գտնեն, ռուս դիվանագետն ասաց՝ կան հարցեր, որոնք դեռևս չի հաջողվում համաձանեցնել, բայց որոնց շուրջ աշխատանքը կշարունակվի՝ չհստակեցնելով՝ արդյոք խոսքն Արցախի մասին է:

«Մեր կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն բոլոր կողմերի համար ընդունելի արդար որոշման համար», - նշեց նա։

Արդյոք Ալիևին հնարավոր չի եղել համոզել, որ Ղարաբաղի կարգավիճակի մասին հայտարարության մեջ հիշատակում լինի. ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասել է՝ ինքը բանակցությունների մանրամասներից հավելյալ տեղեկություն չունի, միայն կարող է ենթադրել:

Իշխանականներն այսօր ձեռնպահ էին մնում մեկնաբանություններից։ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո Փաշինյանը Թեհրան է մեկնել, նրան հանդիպելու հնարավորություն չեն ունեցել։ Խոսեց միայն «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահը չի համաձայնել Ռուսաստանի առաջարկի 15-րդ կետին, որում Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգվում է։

«Քանի որ Ադրբեջանի նախագահը չհամաձայնեց 15-րդ կետին, հետևաբար մնացած 14 կետը դարձան այլևս քննարկման ոչ ենթակա», - նշեց նա:

Ակնարկելով Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ Պուտինի հայտարարությունները՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ պատրաստ է ՌԴ-ի առաջարկած 15 կետերի հիման վրա ստորագրել փաստաթուղթ, որը կդառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմքը։ Բայց մի քանի անգամ կրկնել էր՝ հուսով է՝ Ռուսաստանն իր առաջարկները կպաշտպանի։

Հայաստանի շահերը պետք է պաշտպանի Հայաստանի ղեկավարը, «այս հայտարարությունը ցույց է տալիս՝ չի պաշտպանել», Սոչիի հանդիպումից հետո եզրակացրել է խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Որևէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ամրագրված չէ, նա ձախողում է համարում։

«Ռուսաստանը Հայաստանի շահերը պե՞տք է պնդի. դա ինչ մանկամտություն է: Հայաստանի ղեկավարությունը պետք է Հայաստանի շահերը պաշտպանի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես ինքը խոստացել էր, երբ ընտրվել էր վարչապետ: ՀՀ-ն զինված ուժերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, հիմա մուննաթ է գալիս, թե խաղաղապահներն ինչո՞ւ Փառուխը չպաշտպանեցին, դու պաշտպանեիր»:

Վերջին երկու տարիներին հրադադարի հաստատման հանձնառությունը ոչ միայն պարբերաբար է խախտվել, այլև Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նոր տարածքներ է գրավել, եղել են հարյուրավոր զոհեր, տասնյակ գերիներ։ Չնայած այդ ընթացքում եռակողմ 4 հայտարարություններում ամրագրված մի շարք պայմանավորվածությունները իրականություն այդպես էլ չեն դարձել, բայց իշխանական ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը լավատես էր, թե վերջին հայտարարությամբ ամրագրվեց՝ սահմանային վեճ չկա։

«Ստորագրելուց հետո Ադրբեջանն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական սահմանները 91 թվի դրությամբ: Վեճեր կար, որ օրինակ, թե Սև լճի սահմանը որտեղ է գտնվում, կամ Իշխանասարի որ հատվածն է ադրբեջանական և այլն, այդ խնդիրները կարգավորվեցին այս համաձայնագրով: Սա կարևորագույն կետ էր», - ասաց նա:

Հարցին, թե սա չի՞ նշանակում, որ Հայաստանն ընդունում է, որ «Ղարաբաղն էլ Ադրբեջանի մաս է», նա պատասխանեց. «Չկա նման կետ, Ղարաբաղի հարցը քանի որ չստորագրվեց, հետևաբար դեռևս կարգավիճակը մնում է անորոշ»:

Եթե ռուսական առաջարկները չի հաջողվել համաձայնեցնել, նշանակում է՝ խաղաղության պայմանագիրը արևմտյա՞ն առաջարկների հիման վրա է կնքվելու։ Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Սա նշանակում է, որ Հայաստանն այլընտրանք ունի և կարող է քննարկման սեղանին դնել երկու տարբերակն էլ՝ արևմտյան տարբերակն էլ, Ռուսաստանի տարբերակն էլ, համադրել և ավելի ընդլայնված համաձայնության գալ սահմանների հարցում, խաղաղության պայմանագրի կոնտեքստում. արևմտյան կոնկրետ տարբերակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելի է, այսինքն՝ սա չի նշանակում, որ առանձին Հայաստանը և Ադրբեջանը ավարտելու են, և տարածարջանային խաղաղությունն ավարտվելու է միայն դրանով»:

Ընդդիմադիրները ոչ Փաշինյանի ստորագրած նախկին, ոչ էլ վերջին փաստաթղթում դրականը չեն տեսնում:

«Նիկոլ Փաշինյանը 88 թվականից հետո Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ստորագրել է փաստաթղթերի տակ, որտեղ նշված չի, որ արցախյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ազգերի իրահավասարության, ինքնորոշման սկզբունքի վրա», - շեշտեց Արթուր Խաչատրյանը:

Երեկվա հայտարարությունում հիշատակում կա նաև հայ-ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական շփումներ սկսելու մասին։ Թե ինչի մասին է խոսքը, իշխանականները չգիտեին։

XS
SM
MD
LG