Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցը առկախումը լուծում չէ, դրա հետ հույս կապել չի կարելի. Վահրամ Աթանեսյան


«Այսօր ունենք փաստացի իրավիճակ, երբ ոչ մի երաշխիք գոնե ես չեմ տեսնում, որ մեկ տասնամյակ հետո Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել ավելի օպտիմալ, ավելի դրական, քան հնարավոր է այսօր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Երեկվա հանրահավաքին մասնակցե՞լ եք:

Վահրամ Աթանեսյան. - Ոչ, առողջական խնդիրների պատճառով չեմ մասնակցել, բայց իմ ընտանիքի անդամները ներկա են գտնվել, ինչպես տասնյակ հազարավոր արցախցիներ:

«Ազատություն». - Պարոն Աթանեսյան, խորհրդարանի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, որ անվտանգությունն Արցախի ժողովրդի ապահովելու համար խնդրում են Ռուսաստանին քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ ներդնել: Ինչի՞ մասին է խոսքը:

Վահրամ Աթանեսյան. - Դա խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգումն է, ես որքանով հասկանում եմ, խաղաղապահ զորախմբի մեծացումն է թվաքանակի առումով, և հավելյալ գործիքակազմի ներգրավումն է խաղաղապահ օպերացիան իրականացնելիս, որովհետև այսօր ունենք բավական երկար շփման գիծ, որտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար, իհարկե, լրացուցիչ միջոցների, միջոցառումների և մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն կա:

«Ազատություն». - Ինչո՞ւ է Ստեփանակերտը հատկապես ռուսական տարբերակին հակված:

Վահրամ Աթանեսյան. - Ես չգիտեմ, գուցե պաշտոնական Ստեփանակերտը ինչ-որ խողովակներով տեղեկացված է այդ փաստաթղթին և նպատակահարմարությունը տալիս է դրան, բայց Ստեփանակերտի հանրահավաքից ոչ ավելի քան մեկ օր առաջ Հայաստանի վարչապետն էլ հայտարարեց, որ նախապատվությունը տալիս է Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված նկատառումներին և պարամատրերին:

«Ազատություն». - Որևէ իրատեսական հնարավորություն տեսնո՞ւմ եք այդտեղ միջազգային խաղաղապահներ տեղակայելու:

Վահրամ Աթանեսյան. - Ոչ, մենք պետք է իրատես լինենք, պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի մասնակցությամբ, ՌԴ-ն նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմ է, ոչ թե միջնորդ է, կողմ է: Դա ես չեմ ասում, դա վերջերս փաստեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, և պարզապես անհնար է պատկերացնել, որ արևմտյան կամ արևելյան, կամ հարավային որևէ երկիր կամ երկրների դաշինք այստեղ խաղաղապահ առաքելություն էր իրականացնելու, որպեսզի ապահովի այն համաձայնությունների իրականացումը, որին կողմերը եկել են Ռուսաստանի մասնակցությամբ:

«Ազատություն». - Դա կարո՞ղ է չարյած փոքրագույն լուծումը համարվել՝ մնում են խաղաղապահները երկար այնտեղ, Ղարաբաղի ճակատագրի հարցն էլ առկախվում է:

Վահրամ Աթանեսյան. - Մենք ունեցել ենք Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների կողմից ներկայացված առաջարկություններ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, որոնք իրականություն չեն դարձել, այսօր ունենք փաստացի իրավիճակ, երբ ոչ մի երաշխիք գոնե ես չեմ տեսնում, որ մեկ տասնամյակ հետո Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել ավելի օպտիմալ, ավելի դրական, քան ասենք՝ հնարավոր է այսօր:

«Ազատություն». - Ավելին, առկախման դեպքում, այսինքն՝ սողացող պատերազմը և չլուծված հակամարտությունը կարող է շարունակվել:

Վահրամ Աթանեսյան. - Գիտեք, նույնիսկ եթե սողացող պատերազմի հանգամանքն էլ բացառենք, ապա անցած 25-27 տարինեին անորոշությունն իր գործն արել է Արցախում նաև դեմոգրաֆիկ առումով, ևս 20 տարի Արցախի հարցի կարգավորման առկախումը ի՞նչ ազդեցություն է ունենալու Արցախում ապրող մարդկանց վրա, ի՞նչ սոցիալ-տնտեսական երաշխիքներ է ունենալու Արցախը: Ես հասկանում եմ՝ ստատուս քվոն դրական է այն առումով, որ խաղաղապահները մնում են, փաստացի Արցախի պետական համակարգը գործում է, ինստիտուցիոնալ կառույցները, քաղաքական համակարգը և այլն իրենց ֆունկցիոնալ նշանակությունը պահպանում են, բայց եթե այսօր կամ տեսանելի ապագայում կնքվելիք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանագրում միայն նշված է լինելու, որ հարցը կարող է քննարկվել հետագայում, և չի լինելու հարցի կարգավորման սկզբունքների գոնե ուրվագծում, ապա սա ես, համենայն դեպս, օպտիմալ տարբերակ չեմ համարում:

«Ազատություն». - Իսկ Ձեր մտահոգություններին կավելացնեի՞ք նաև, թե ինչ տեղի կունենա ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, այսինքն՝ Ռուսաստանն այդ պատմությունից թուլացած, ուժեղացած դուրս կգա, ինչ վիճակում կլինի տարածաշրջանը:

Վահրամ Աթանեսյան. - Գիտեք, ամենալուրջ հարցը հենց դա է, թե մեկ կամ հինգ տարի հետո մենք ինչպիսի Ռուսաստանի հետ ենք գործ ունենալու, ով է լինելու ՌԴ նախագահը, ինչ տրանսֆորմացիաներ են տեղի ունենալու աշխարհաքաղաքական իմաստով, այսինքն՝ ինչ աշխարհակարգ ենք ունենալու մենք 5 տարի հետո կամ 3 տարի հետո, մենք այս պահին չգիտենք, և հույս կապել ինչ-որ անորոշ գրառումների կամ անորոշ նկատառումների հետ, ես այնքան էլ օպտիմալ չեմ համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG