Մատչելիության հղումներ

«Գալով իշխանության՝ պարզեցինք, որ ի վիճակի չենք վերականգնել պետության հիմունքները». Փաշինյան


Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից

44-օրյա պատերազմի ու Արցախի խնդրի կարգավորման տապալման համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ մեղադրեց նախկին իշխանություններին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի նիստում նա անդրադարձավ նաև պատերազմին ու դրան պատճառներին։

Փաշինյանը հայտարարեց, թե երբեք Ղարաբաղի հարցը չի օգտագործել իշխանության մնալու կամ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար։ Հակառակը՝ գնացել են այդ խնդրի հետևից։

«2020-ից հետո ինձ ուղղված ամենամեծ քննադատությունն էր, որ ես հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եվ ընդ որում այս քննադատության հեղինակները Հայաստանը ղեկավարած մարդիկ են՝ սկսած 1990 թվականից։ Դա վկայում էր մի բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության անկախության առաջին օրից սկսած, ըստ էության, անկախության հիմունքները հետևողականորեն քայքայվել ու փլուզվել են։ Հռչակագրի ընդունման առաջին օրվանից հետո այս ծրագրից հրաժարում է տեղի ունեցել հետևողականորեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե 2018-ին իշխանության գալով՝ պարզել են, որ ի վիճակի չեն վերականգնել պետության հիմունքները. - «Մենք ըստ էության արձանագրեցինք, որ Հայաստանի պետական իշխանության մակարդակով 1990 թվականից մինչև 2018 թվականը հետևողականորեն հրաժարվել ու քայքայել են պետության հիմունքները, էդ հետո պարզեցինք, որ մենք մեր բոլոր ջանքերով ի վիճակի չենք վերականգնել, հակառակ դեպքում էդ քննադատությունները էդ շետադրումներով չէին հնչի»:

«Այն ժամանակ, երբ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը հռչակում էր անկախություն, այն ժամանակ, երբ բանակցային գործընթացում այս ծրագրից կատարյալ հրաժարում տեղի ունեցավ, և այն ժամանակ, երբ, բազմիցս ասել եմ, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ Հայաստանում իշխող ուժը և մարդիկ, ըստ էության, ոչնչացրին Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման իրավական հիմքերը։ Եվ մենք, ըստ էության, իշխանության գալով, առերեսվելով այս իրավիճակի հետ՝ փորձեցինք մեզնից կախված ամեն ինչ անել Հայաստանի պետականության հիմունքները նորոգելու համար», - ասաց Փաշինյանը՝ այսպես էլ չներկայացնելով, թե ինչ է արել իր գլխավորած իշխանությունը Հայաստանի հիմքերը նորոգելու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ընտրելու է նախագահ և վարչության նոր կազմ։ Մինչ նոր ընտրությունը Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը ղեկավարում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG