Մատչելիության հղումներ

Երևանում աշխատանքներն սկսեց Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը


Ուրբաթ երեկոյան Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, տարբեր ոլորտներ ներկայացնող սյուռքահայ բազմաթիվ գործիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես հայտարարել է.

«Հայաստան-Սփյուռք երկխոսության համատեքստում այս հավաքն իրավամբ սպասված և տեղին է, մանավանդ այս օրերին, երբ բոլորին ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից:

Այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա, այլ որովհետև գլոբալ պրոցեսներն են պարտադրում նման փոփոխոություններ: Այդ փոփոխությունները կապ չունեն ոչ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ոչ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության հետ: Թե՛ հեղափոխությունը, թե՛ պատերազմն առիթ էին, որ մենք արձանագրենք ակնհայտը, իսկ ակնհայտ է այն, որ ժամանակն անխուսափելի ազդեցություն է թողնում նաև հայկական Սփյուռքի էության և բովանդակության վրա»:

Համոզմունք հայտնելով, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է, Հայաստանի ղեկավարը շարունակել է. - «Եվ նման աշխարհասփյուռ ռեսուրս ունեցող երկիրը՝ ինչպիսին է Հայաստանը, չպետք է ունենար այն խնդիրները, որ ունի: Իսկ եթե ունի՝ նշանակում է մենք շատ բան սխալ ենք արել և անում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Ամենամեծ սխալն, իմ կարծիքով, այն է, որ Հայաստան-Սփյուռք խոսակցությունը սովորաբար սկսվում, ընթանում և ավարտվում է մեզ հայտնի, կամ ինչպես ընդունված է ասել՝ համազգային հավանության արժանացած ճշմարտություններով: Սա, իհարկե, վատ չէ: Սա նույնիսկ լավ է, բայց անթերի չէ այն իմաստով, որ չի ընդլայնում ինքներս մեր և աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումները: Սա էլ իր հերթին հնարավորություն չի տալիս, որ մենք բավարար արագությամբ ընկալենք և արձանագրենք աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ասել է թե օգտվենք հնարավորություններից և կառավարենք մարտահրավերները»:

«Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը տեղի է ունենում մի պայմաններում, երբ աշխարհի, տարածաշրջանի, նույնիսկ ինքներս մեր մասին շատ պատկերացումներ, երազանքներ սասանվել են, երբեմն նույնիսկ փլուզվել: Մեր առաջարկն ու պատկերացումն է՝ ոչ թե մնալ այդ փլատակների տակ, այլ փորձել գտնել նոր հնարավորություններ, փորձել հատկապես Հայաստանի Հանրապետությունը դարձնել նոր պատկերացումների, նոր երազանքների, նոր մոտեցումների ձևավորման և զարգացման մի հարթակ՝ առանցքում ունենալով Հայաստանի անկախ, ինքնիշխան, անվտանգ, ազատ, զարգացած, ժողովրդավարական հանրապետություն, որովհետև ցանկացած հայ գլոբալացված աշխարհի ցանկացած վայրում կարող է ունենալ ցանկացած բան՝ բարեկեցություն, աշխատանք, փող, ընտանիք: Եվ բացառություն է միայն մեկ բան, և այդ մեկ բանը Հայաստանի Հանրապետությունն է, որի քաղաքացի լինելու հպարտությունն ու երջանկությունը կրում են դահլիճում ներկա մարդկանց մեծամասնությունը:

Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակ և հանդիպման վայր, ովքեր ուզում են և պատրաստ են Հայաստանի Հանրապետության պետական շահը դարձնել համահայկական օրակարգ, իրենց ներդրումն ունենալ այդ շահի առաջ մղման գործում, աջակցել պետականության ինստիտուցիոնալ կայացմանն ու ռազմավարական զարգացմանը՝ որպես 21-րդ դարի մարտահրավերներին համարժեք, արդիական պետություն», - վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարը՝ Արցախի նախագահականի
Լուսանկարը՝ Արցախի նախագահականի


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջույնի իր խոսքում մասնավորապես հայտարարել է.

«Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ: Այդ գաղափարը հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության:

2020 թվականի 44-օրյա պատերազմը բոլորիս կանգնեցրել է նոր իրողությունների առջև: Մենք ունեցել ենք թանկ ու անդառնալի կորուստներ. կորցրել ենք մեր հերոս զավակներին, մեր պատմական հայրենիքի մի մասը: Այսօր համայն հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կանգնել ու ամոքել իր վերքերը, փորձում է ապրել ու արարել, ինչպես դարեր շարունակ՝ տեր կանգնելով իր հողին, իր պատմությանն ու ապագային:

Սակայն, ցավոք սրտի, հայ ժողովրդին սպառնացող վտանգները չեն չեզոքացել, ավելին՝ դարձել են առավել առարկայական ու ահագնացող նաև մայր Հայաստանի տարածքում: Այդ իսկ պատճառով, մենք այլ ճանապարհ չունենք, քան համախմբվել՝ անկախ ամեն ինչից: Այսօր բոլորիս համար առաջնային ու գերակա պետք է լինի միայն ու միայն ազգային ու պետական շահը»:

«Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առջև, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Պարտք ունենք մեր պապերի և գալիք սերունդների առջև: Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա: Սա պետք է լինի մեր հստակ ու անկասելի ուղերձն աշխարհին», - Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ «բոլոր քննարկումներում ու ձեռնարկումներում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ շաղախված ազգային շահերի պաշտպանությունը կլինի հիմնական առանցքն ու նպատակը, և Արցախը որևէ կերպ չի անտեսվի՝ որպես այդ եռամիասնության անբաժանելի հենասյուն»:

«Հայ ժողովրդի ամենամեծ հարստությունն աշխարհով մեկ սփռված իր զավակներն են, որոնց միավորումը կարող է դառնալ փրկության այն միակ օղակը, որն այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, և՛ Սփյուռքին: Իսկ արցախահայությունը վճռականորեն շարունակում է իր պայքարը՝ ապրելով Արցախում և ակնկալելով համազգային անվերապահ աջակցություն բոլորիս Հայրենիքի մի կարևոր հատվածը պահպանելու և զարգացնելու գործում», - հայտարարել է Արցախի նախագահը:



Գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ունենալու է 8 պանելային քննարկում և 17 համաժամանկյա նիստ՝ քննարկելով Հայաստանի անվտանգությունից մինչև աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչև կրթություն, առողջապահություն և գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչև Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովն ունի 600 մասնակից 50 երկրներից: Հանդես են գալու ավելի քան 100 բանախոսներ 15 երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG