Մատչելիության հղումներ

Վերջին տարիներին IT ոլորտի միջազգային ու մեծ ընկերություններ են գալիս Գյումրի, բայց որակյալ կադրերի խնդիր կա


14-ամյա Լեոնիդ Աբրահամյանը Գյումրիում գործող IT space ակադեմիայի ուսանող է։ Արդեն նույնիսկ աշխատանք է գտել, ճիշտ է, առայժմ որպես կամավոր, բայց պատանին չի դժգոհում, որ դեռ չի վարձատրվում։

«Աշխատանքի եմ ընդունվել որպես Java ծրագրավորող՝ մենթորություն և պռոեկտի վրա աշխատել, բայց ներկա պահին ավելի շատ մենթորություն։ Առաջին աշխատավարձով ծրագրավորման ապահովում եմ առնելու, դա առաջին հերթին, որովհետև դրա հիման վրա ենք մենք բարձրանալու»,- ասաց Լեոնիդը:

Նա տասը տարեկանից է սկսել հետաքրքրվել IT ոլորտով: Java կոդավորումն է ընտրել, ասում է՝ այս ծրագիրն ավելի հետաքրքիր է ու զարգացման հեռանկար ունի:

Պատանին իրեն հաջողակ է համարում, քանի որ ի տարբերություն շատ հասակակիցների, պահանջված կրթություն ստանալու հնարավորություն ունի՝ թեկուզ դպրոցից դուրս։

Լեոնիդ Աբրահամյան
Լեոնիդ Աբրահամյան

IT Space ակադեմիայի հիմնադիր Կարեն Գասպարյանը Երևանում մի քանի տարի աշխատելուց հետո է վերադարձել հայրենի քաղաք։ Ասում է՝ ինը տարի առաջ, երբ ինքն էր բուհն ավարտում, Գյումրիում դեռ IT կրթություն տվող կազմակերպություններ չկային։

«Ես և ընկերներս աշխատանք գտանք Երևանում, տեղափոխվեցինք, ապրեցինք, բայց միշտ էդ բանը կար, որ մենք վերադառնալու ենք ու ստեղծելու ենք մեր ընկերությունները, աշխատելու ենք Գյումրիում, զարգացնելու ենք մեր քաղաքը: Ես կարծում եմ, որ պետք է գնաս այն դեպքում, երբ չկա ոչ մի հնարավորություն, բայց արդեն տարիների ընթացքում զարգացումն ակնհայտ է Գյումրիում: Այս պահին երևի մոտ 40 IT ընկերություն, եթե չեմ սխալվում, կա Գյումրիում», - ասացԳասպարյանը:

Երբ պանդեմիայի ընթացքում բազմաթիվ ընկերություններ անցան հեռավար աշխատանքի, պարզվեց, որ դրանից աշխատանքը չի տուժում։ Գասպարյանն ասում է՝ այլևս պետք չէ ոչ մայրաքաղաք գնալ, ոչ էլ արտերկիր՝ բարձր աշխատավարձի հետևից: Հեռավար աշխատանքը հատկապես կիրառելի է IT ոլորտի ընկերությունների համար:

Կարեն Գասպարյան
Կարեն Գասպարյան

«Ընկերությունների համար այս պահին կարևոր է, թե դու ինչ արժեք ես տալիս ընկերությանը, կարևոր չէ, թե որտեղից: Էս պահին մի քանի մեծ ընկերությունների մուտքը Գյումրիում այդ բարիերը, որ եթե մարզում ես, կամ Երևանում չես, պետք է ավելի քիչ վարձատրվես, արդեն դուրս է գալիս», - ասաց Գասպարյանը:

Վերջին տարիներին IT ոլորտի միջազգային ու մեծ ընկերություններ են գալիս Գյումրի: Բայց այստեղ էլ որակյալ կադրերի խնդիր է առաջանում։

«IT ընկերությունների հիմնական խնդիրը մասնագետներն են: Որ ընկերության հետ, որ խոսում ենք, իրանց պետք են որակյալ կադրեր», - ասաց IT Space ակադեմիայի հիմնադիրը:

Կառավարությունը որոշ կրթական ծրագրեր ֆինասավորում է, բայց Կարեն Գասպարյանը խնդիր է տեսում. մի քանի ամսում լիարժեք կրթություն ստանալ ու IT ոլորտում պահանջված մասնագետ դառնալ հնարավոր չէ: Առաջարկում է, որ գործադիրն ավելի մեծ ուշադրություն դարձնի բուհական կրթությանը:

«Մեզ պետք են ամուր ու ուժեղ բուհեր, որովհետև բարձրագույն ուսումնական հաստատության տարիների կրթությունը չի փոխարինվի 6-7 ամսվա դասընթացներով: Ես տեսնում եմ, որ կառավարությունն էդտեղ ունի անելիքներ, որ հզորացնի ու արդիկանացնի մեր բուհերը», - ասաց IT Space ակադեմիայի հիմնադիրը:

Գասպարյանի փոխանցմամբ՝ Հայաստանում այժմ ոչ միայն դեռահասներն ու երիտասարդներ են ձգտում IT կրթություն ստանալ, այլ նաև տարիքով ավելի մեծ մարդիկ՝ սկասած 14-15 տարեկանից մինչև 50 տարեկան և ավելի:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում ավելի քան 20 հազար մարդ է աշխատում, IT-ն տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից է, այդուհանդերձ, տարիներ շարունակ հենց խոշոր ընկերությունների ներկայացուցիչներն են դժգոհում, որ մասնագետների պատրաստման առումով դեռ շատ խնդիրներ կան։ Որոշ ընկերություններ իրենք են մասնագետների պատրաստում, հետո աշխատանքի ընդունում։

14-ամյա գյումրեցի ծրագրավորողն աշխատանք է գտել
please wait

No media source currently available

0:00 0:05:22 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG