Մատչելիության հղումներ

Փորձում ենք մարդկանց ինչ-որ ձևով շեղել էս ահավոր ծանր ժամանակներից. Ալեքսանդր Չաուշյան


Անվանի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյան
Անվանի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ տարիներ առաջ հիմնադրեց ամենամյա Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում հնչող համերգներին ամեն տարի մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանող անվանի երաժիշտ կատարողներ, դիրժորներ։

Այս տարի սեպտեմբերի 8-ին ՝ մեր մեծագույն երաժիշտ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի օրը մեկնարկած փառատոնը նվիված է Օհան Դուրյանի հոբելյանին։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնը հյուրընկալում է հանրահայտ երաժիշտների։

Նշենք, որ հիմնադրման օրից փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն ու անվանի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը։

«Ազատության» հետ զրույցում Չաուշյանն այսօր ասաց. - «Հիմա շատ բարդ ժամանակներ են մեր Հայաստանի համար, բայց ամեն ինչ հասկանալով, տեսնելով՝ մենք չենք կարող, իրավունք չունենք ուղղակի մոռանանք արվեստի մասին, որովհետև արվեստը վերին աստիճանի կարևոր է։ Չնայած իհարկե մարդու կյանքը շատ ավելի մեծ կարևորություն ունի, բայց էս իրավիճակում փորձում ենք մաքսիմում ուղղակի անել, որ մարդկանց ինչ-որ ձևով շեղել էս ահավոր ծանր ժամանակներից, ինչ որ մեր ազգի համար սպասվում է։ Փառատոնի շրջանակում մեզ մնացել է երկու համերգ։ Ավգուստին Հեյդլիխը պետք է նվագի, որը փայլուն ջութակահար է, ամսի 26-ին։ Այսօրվա օրով ամենավատ, ամենահետաքրքիր կատարողներից մեկն է։ Եվ փառատոնը կվերջացնի Սերգեյ Կռիլովը՝ հիանալի ջութակահար, որը հիմա, եթե չեմ սխալվում, Իտալիայում է ապրում։ Չնայած շատ դաժան ժամակներում ենք ապրում, ինձ համար ամենակարևոր տեղն է, երբ որ ես վերադառնում եմ հայրենիք ու ինչ-որ փոքր ներդրում եմ անում մշակութային կամ ընդհանրապես կյանքի մեջ։ Եվ դա իմ պարտականությունն է»։

Հարցին, թե ինչով է բացատրում այս դժնի շրջանում մարդկանց հետաքրքրությունը դեպի արվեստը, երաժշտությունը, Չաուշյանն արձագանքեց. - «Կարծում եմ, որ մարդու մեջ ներքին ձգտում կա դեպի գեղեցիկը, լավը։ Ուղղակի, ցավոք, կան մարդիկ, կան պետություններ, որոնք չեն ուզում զարգացնել մարդու մեջ պոզիտիվ բաները, այլ՝ ավելի նեգատիվ, ինչը բերում է պատերազմների, սպանությունների և այլն»։

«Ազատության» խնդրանքով Ալեքսանդր Չաուշյանը պատմեց իր մասին. - «Ես արդեն երեսուն տարի է, որ բնակվում եմ Անգլիայում։ Գնացի էնտեղ սովորելու, Անգլիայում, հետո Բեռլինում։ Հիմա ուղղակի զբաղվում եմ համերգներ նվագելով, Royal College of Misuc-ի պրոֆեսոր եմ։ Տասնչորս տարի է արդեն մենք Հայաստանում փառատոն ենք կազմակերպում, հիմնադիրները Էդվարդ Թոփչյանն է, ես ու Հայաստանի ֆիլհարմոնիկը, որը իմիջիայլոց համաշխարհային ստանդարտների օրկեստր է այսօր, դրա մեջ ոչ մի կասկած չկա։ Բոլոր երաժիշտները, ովքեր գալիս են, իրենց առաջին տպավորությունը, թե ինչքան բարձր մակարդակի օրկեստր մենք ունենք։ Ինչը ինձ համար շատ կարևոր է։ Այս օրկեստրի հետ ես ինը տարեկանից համագործակցում եմ. երբ առաջին անգամ նվագեցի, ինը տարեկան էի»։

Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում, ի թիվս Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, բազմաթիվ հայ մենակատարների, արդեն իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Էդվարդ Թոփչյանի, Պավել Կոգանի և Մարկո Պարրիսոտտոյի ղեկավարությամբ ղեկավարությամբ, հանդես են եկել այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպիսիք են հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթին, Մեծ Բրիտանիայից ջութակահար Ռոման Սիմովիչը, Չինաստանից թավջութակահար Ջինգ Ժաոն, ջութակահար Ռոզեն Ֆիլիպենսը Նիդեռլանդիայից, դաշնակահար Էնրիկո Պաչեն Իտալիայից և ուրիշներ։

Փառատոնի փակման համերգը կկայանա հոկտեմբերի 30-ին՝ Իտալիայից հանրահայտ ջութակահար Սերգեյ Կռիլովի մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG