Մատչելիության հղումներ

Ռազմական ճանապարհով Հայաստանից խաղաղություն կորզելն անընդունելի է․ ընդդիմադիր պատգամավորներն՝ ԱՄՆ կոնգրեսականներին


ԱՄՆ կոնգրեսականները Հայաստանի Ազգային ժողովում, 18-ը հոկտեմբերի 2022թ․
ԱՄՆ կոնգրեսականները Հայաստանի Ազգային ժողովում, 18-ը հոկտեմբերի 2022թ․

Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսակաների հետ հանդիպմանը խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացության պատգամավորները պնդել են՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական ճանապարհով Հայաստանից խաղաղություն կորզելն անընդունելի է։

Կոնգրեսականների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցած «Հայաստան» դաշինիքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Ազատությանը» տեղեկացրեց՝ ամերիկացի օրենսդիրներին փոխանցել են՝ բռնի խաղաղությունը, որը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման պարագայում, դեմ է նաև միջազգային իրավունքներին։

Երեկ խորհրդարան այցելած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսն ընդգծել էր՝ Միացյալ Նահանգները պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր։

«Մենք կարևորում ենք տարածաշրջանում խաղաղությունը, բայց այս պահին խաղաղությունը Հայաստանից կորզում է ռազմական սպառնալիքի ներքո, որն անընդունելի է, և մենք հիմնավորել ենք, որ տարածքային ամբողջականության խաթարվածության և սուվերենության կորստի պայմաններում Հայաստանից կորզված խաղաղությունը, դա բռնի խաղաղությունն է, և ընդհանրապես միջազգային իրավունքն էլ է դրա դեմ և դա անընդունելի ենք համարում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին»

Լիլիթ Գալստնյանի փոխացմամբ, ամերիկյան կողմին ընդդիմադիր պատգամավորները նաև ասել են՝ ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը միայն բավարար չէ, պետք է Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար։ Ընդդիմադիրները նաև պահանջել են, որ ԱՄՆ-ն դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։

«Եվ քանի որ տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտվել է, խախտվել է ի օգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի, և այդ ռազմական աջակցությունը նշանակում է նաև ավելի հզորացնել ագրեսորին, ուղղակի բաց տեքստով ասացինք, որ կարծում ենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը պիտի վերատեսության ենթարկի ռազմական աջակցության ֆինասական օգնությունն Ադրբեջանին», - ասաց Գալստյանը։

Ընդդիմադիր պատգամավորները նաև նշել են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ է իրենց համար, որից ընդդմիությունը ոչ մի պարագայում չի հարաժարավելու և դա դիտում են ոչ միայն միջազգային իրավունքի բաղադրիչ, այլև որպես փրկություն արցախահայերի համար։

XS
SM
MD
LG