Մատչելիության հղումներ

Յոթ տարվա դադարից հետո սահմանամերձ Բերդաշենի դպրոցը նորից գյուղ է «վերադարձել»


Յոթ տարվա դադարից հետո սահմանամերձ Բերդաշենի դպրոցը նորից գյուղ է «վերադարձել»։ Բայց դասերը ոչ թե առանձին շենքում, այլ գյուղապետարանի սենյակներում են անցկացվում։

Մինչ այս ուսուցիչներն ու չորրորդից բարձր դասարանցիները մոտ 4 կիլոմետր ճանապարհ էին կտրում հարևան Զորակերտի դպրոց հասնելու համար, իսկ տարրական դասարանների բոլոր աշակերտները տեղավորվել են Բերդաշենի համայնքապետարանի մի սենյակում ու միասին են պարապում։

Բերդաշենի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Անուշ Չափանյանն ասում է, որ հատկապես ձմռանը հարևան գյուղ հասնելը խնդիր էր, հենց այդ պատճառով էլ համայնաքապետարանը ևս երկու սենյակ հատկացրեց. - «Դժվար էր ձնեռային ճանապարհներին։ Վեց տարի հաճախել ենք էնտեղ, դժվար էր իսկապես էնտեղ գնալը, որովհետև ճանապարհին ձմեռը մեր մոտ խնդիրներ են առաջանում»։

Սահմանամերձ համայնքի դպրոցը 2015-ին հրդեհի հետևանքով վնասվել ու անպիտան էր դարձել։ Գյուղում վնասված շենքը նորոգելու խոստումներ ամեն տարի էին լսում, բայց գործը դրանից այն կողմ չէր գնում, փող չէր հատկացվում։

Երկու տարի առաջ կառավարությունը գումար է գտել Շիրակի մարզի 3 համայնքում, դրանց շարքում Բերդաշենում մոդուլային դպրոցների կառուցման համար։ Գյուղում հույս ունեն, որ միջնակարգ դպրոցը պատրաստ կլինի արդեն հաջորդ սեպտեմբերին։

Աշխատանքների ձգձգումներ եղել են, խոստովանում է կառուցապատող «Վանի» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանը. - «Գնաճն էր հիմնականում, մեր շինապրանքը ահավոր գնաճ ունեցանք՝ մինչև 100-120 տոկոս թանկացումներ։ Խնդիրներ էղան մանր-մունր, բայց դե լուծվում ա ամեն ինչը»։

Կառավարությունը շենքի նորոգման ու կահավորման համար մոտ 650 մլն դրամ է հատկացրել, ու մինչ աշխատանքները կավարտվեն, 31 աշակերտները գյուղապետարանի շենքում հարմարեցված դասասենյակներում են շարունակում ուսումը։ Այստեղ ուսուցիչները ուսուցչանոց չունեն, տնօրենն էլ՝ աշխատասենյակ։

Ֆիզկուլտուրայի «դահլիճը» բացօթյա մի տարածքն է, որտեղ հողերի մեջ են դաս անցկացնում, իսկ սպորտային գույքը ինքնաշեն է։ Օրինակ, որպես ֆուտբոլային դարպաս ռետինե հնամաշ անվադողերն են ծառայում, գնդակն էլ լաթի կտորներով է փաթաթված։

Այս անհարմարությունների պատճառով որոշ ծնողներ երեխաներին տեղափոխել են կամ հարևան համայնքի, կամ էլ մոտ 50 կմ հեռու գտնվող Գյումրիի դպրոցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG