Մատչելիության հղումներ

Թեհրանի բանտում հրդեհի հետևանքով 4 մարդ զոհվել է, 61-ը՝ վնասվածքներ ստացել


Իրան, Թեհրանի «Էվին» բանտը, 16-ը հոկտեմբերի, 2022թ.
Իրան, Թեհրանի «Էվին» բանտը, 16-ը հոկտեմբերի, 2022թ.

Շաբաթ գիշերը Թեհրանի «Էվին» բանտում հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, 61-ը մարմնական վնասվածքներ է ստացել, հաղորդում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը:

Արդարադատության մարմինների փոխանցմամբ՝ հրդեհը հաջորդել է բանտի արտադրամասում որոշ բանտարկյալների միջև ընդհարմանը, որը դադարեցնելու համար միջամտել են անվտանգության և առողջապահական ծառայությունների աշխատակիցները: Նրանց օգնությամբ 70 բանտարկյալներ անվտանգ վայր են տեղափոխվել:

Տուժածներից 51-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, 10-ը հոսպիտալացվել են:

Միջադեպի ընթացքում որոշ բանտարկյալներ փախուստի անհաջող փորձ են կատարել:

Կիրակի առավոտյան բանտում իրավիճակն արդեն կարգավորված էր, բանտարկյալներին թույլատրվել է զանգահարել հարազատներին, նշում է IRNA-ն:

Թեհրանի դատախազը հայտարարել է, որ «Էվին» բանտում բանտարկյալների ծեծկռտուքը որևէ առնչություն չունի վերջերս երկրում անցկացվող բողոքի ակցիաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG