Մատչելիության հղումներ

Մոսկվան շարունակում է քննադատել Մակրոնի հայտարարությունը


ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը Հարավային Կովկասում Մոսկվայի բացասական դերի մասին՝ պնդելով, թե Էմանյուել Մակրոնը, «ըստ էության, ոչ թե մեղադրել է Ռուսաստանին, այլ ինքն էր արդարանում»:

«Հեռուստահաղորդավարները նրան նախատեցին, որ «Ֆրանսիան բախտի քմահաճույքին է թողել Հայաստանը»: Նա եռանդուն պատմում է, թե որքան ուժեղ է սիրում Ֆրանսիան Հայաստանը: Այստեղ հաշվարկը հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների վրա բավականին թափանցիկ է: Ձգտում է իմաստուն և վեհ երևալ», - РИА "Новости" լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մեդվեդևը և հիշեցրել, թե «ինչպես է ավելի քան կես դար՝ 1960-ականների վերջից, Ֆրանսիան իրեն պահել իր նախկին գաղութներում». - «Ինչպիսի արյան գետեր են հոսել այդ պատճառով Մալիում, Ռուանդայում, Կոնգոյում, Ալժիրում: Մակրոնն ինքը ժամանակին ներողություն էր խնդրում աֆրիկացիներից՝ քաղաքակիրթ Ֆրանսիայի օժանդակությամբ թութսիների ցեղասպանության համար: [...] Այն ամբողջ «բաժանիր և տիրիր»-ի համար կախյալ և աղքատ երկրներում, որոնք դարերով ֆրանսիացիների խղճին են»:

Ինչպես և երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեդվեդևը նույնպես «անընդունելի և այլասերված» է որակել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, հավելելով, թե այն նաև «ավելի քան ոչ-կոռեկտ է, տգեղ»:

Ֆրանսիայի նախագահն օրեր առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ - ադրբեջանական հակամարտությունը` Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար:

«Ի՞նչ է կատարվում այդ սահմանին վերջին երկու տարիներին, ըստ հաղորդումների, 5000 ռուս զինվոր է այնտեղ տեղակայվել՝ սահմանի անվտանգությանը երաշխավորելու համար: Բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն», - նշել է Էմանյուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը քննադատեցին նախ՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, ապա՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG