Մատչելիության հղումներ

Մ6 մայրուղի - Մարց ճանապարհը կհիմնանորոգի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությանը


Թումանյան համայնքի 3 միլիարդ դրամանոց ճանապարհի շինարարության նոր հաղթողն արդեն հայտնի է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկ ամիս առաջ խզեց պայմանագիրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու հետ փոխկապակցվող ընկերության հետ, ու այժմ ընտրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը՝ Մ6 մայրուղուց մինչև Մարց ճանապարհը հիմնանորոգելու համար։

Մրցույթին մասնակցած 6 կազմակերպություններից հենց «Եվրոասֆալտն» է ամենացածր գնային առաջարկն արել՝ 8300 դրամով պակաս, քան հաջորդ ցածր գին առաջարկած «Գլավդորստրոյ»-ը։

37 կմ ճանապարհի հիմնանորոգումը ամիսներ անց պետք է արդեն ավարտված լիներ։ Նախորդ մրցույթում հաղթած ընկերությունը, սակայն, այդպես էլ որևէ աշխատանք չէր արել՝ստիպելով թումանյանցիներին մի քանի անգամ բողոքի ցույցեր անել։ Նոր մրցույթին մասնակցել էր նաև ծրագրի նախկին կապալառուն՝ «Լեոպոլդ և ընկերները», որը, սակայն, ամենաբարձր գինն է առաջարկել։ Ինչո՞ւ է ընկերությունը մասնակցել մի մրցույթի, որն արդեն շահել, բայց չէր կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունն ու զրկվել էր դրանից։ Ավելին, տարածքային կառավարման նախարարությունը դիմել է լիազոր մարմնին՝ «Լեոպոլդ և ընկերներ» կազմակերպությանը ճանապարհաշինարարների սև ցուցակում ներառելու և հետագա մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկելու համար։

Ընկերության սեփականատեր Արմեն Բադալյանն Ազատությանն ասաց. - «Մասնակցել էինք, ուզում էինք տեսնել ով ա շահելու, տեսանք։ Ընդամենը դրա համար։ Ես չեմ կարծում, որ մենք խախտումներ ենք արել էդտեղ, որի արդյունքում պետք ա հայտնվեինք սև ցուցակում»։

Բադալյանն ընդունում է՝ ճանապարհի հիմնանորոգման նախագծի հետ կապված խնդիրներ են եղել, առաջարկել են լուծման ուղիներ, բայց պատվիրատուն՝կառավարությունը, դրանք չի ընդունել։ Իրենք էլ հրաժարվել են աշխատանքը շարունակել. - « Ասել ենք՝ եթե էդպես ա, նոր մրցույթ հայտարարեք։ Նոր մրցույթ են հայտարարել, նոր կապալառու ունեն։ Թող նոր կապալառուն գնա- սարքի»։

Բադալյանը հաստատում է՝ խնամիական կապ ունի երկրորդ նախագահ, այժմ ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց պնդում է, թե գործը քաղաքականության հետ չեն խառնում. - «Իմ հորեղբոր աղջիկը իրանց հարսն ա։ Ընտանեկան կապ ունեմ, բայց իմ բիզնեսը ոչ մի ձև կապված չի իրանց հետ։ Ու ոչ ոքի հետ կապված չի, որովհետև իմ բիզնեսը իմ աշխատանքի արդյունքն ա»։

Նոր մրցույթում շահած «Եվրոասֆալտ» ընկերությունը հիմնադրվել է 2020-ի մարտին և մի շարք տենդերներ շահել։ Միայն անցած տարի երեք խոշոր պետական մրցույթներում էր հաղթել՝ մոտ մեկ միլիարդ դրամ արժողությամբ։

Այս տարի արդեն 9 ծրագրում է հաղթող ճանաչվել, որոնցից միայն մեկը՝ Թումանյանի ճանապարհի ծրագիրը, ավելի քան 7 միլիոն դոլար արժե։

Իրավապաշտպանները հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս է լինում, որ հեղափոխությունից հետո էլ մրցույթներում զարմանալի օրինաչափությամբ հաղթում են իշխանություն ունեցող անձանց մտերիմները, հարազատները կամ՝ նրանց հետ կապակցված անձինք։ Կասկած են հայտնում, թե սրա մեջ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել։

Մինչդեռ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը ամիսներ առաջ «Ազատության» եթերում հայտարարել էր՝ այս դեպքում բանալի բառերը «մրցույթն» ու «հաղթելն» են։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ պնդել էր՝կասկածներն անհիմն են, քանի որ իր եղբոր ղեկավարած ընկերությունը ամենաէժան գինն է առաջարկել։

Ճանապարհային դեպարտամենտից այսօր ևս մեկ անգամ շեշտեցին, որ 3 միլիարդ դրամանոց ծրագիրը ԱԺ նախագահի եղբոր ղեկավարած ընկերությանն են վստահել, քանի որ վերջինս ամենացածր գինն է առաջարկել 27 կմ ճանապարհը կառուցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG