Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանները համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ
Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում․ ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ, թե որ երկրներից են լինելու, առայժմ հստակ չէ, քննարկումներ են ընթանում։

Առաքելության կարևորության մասին երեկ Եվրախորհրդարանում խոսեց նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ կոչ անելով միության անդամ երկրներին ամեն կերպ աջակցել Բրյուսելի խաղաղասիրական ջանքերին։

«Իրավիճակը տարածաշրջանում մնում է շատ վտանգավոր ու անկայուն։ Անցած երեսուն տարվա ընթացքում շատ բան է կուտակվել, այդուամենայնիվ, մենք՝ որպես այս երկու երկրների հարևաններ, պետք է օգնենք նրանց, պետք է օգնենք հաղթահարել այս տարաձայնությունները, քանի որ դա կարևոր է բարգավաճ ու խաղաղ Հարավային Կովկասի համար», - հայտարարել էր նա:

Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Բաքուն, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:

Երեկ, ի դեպ, Եվրամիության արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ և տեղյակ պահել Բաքվին Հայաստան ուղարկվելիք առաքելության մասին։

Ըստ քառակողմ հայտարարության՝ եվրոպացի դիտորդները պետք է Հայաստանում տեղակայվեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առայժմ հստակ չէ՝ արդյոք հետագայում այս ժամկետը կարող է երկարաձգվել և ինչ պայմաններով։ Այս պահին դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է տեղափոխվել Վրաստանից, որտեղ միությունը 200 դիտորդ ունի այս պահին։ Առաքելությունը տեղակայվել է 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո՝ ռուս-վրացական պայմանավորվածությունների կատարմանը հետևելու համար։ Առաքելության խնդիրն է 24-ժամյա պարեկություն իրականացնել հատկապես Աբխազիայի և Հարավային Օսիայի վարչական սահմանների մերձակա տարածքներում՝ երկու կողմում բնակվող մարդկանց անվտանգությանը նպաստելու, հակամարտող կողմերի միջև վստահությունը վերականգնելու համար:

Մինչ օրս՝ արդեն 14 տարի է, սակայն, Աբխազիան ու Հարավային Օսիան եվրոպացի դիտորդներին թույլ չեն տալիս իրենց տարածքներ մտնել, եվրոպական առաքելությունն էլ ամեն տարվա զեկույցներում արձանագրում է, որ Ռուսաստանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու դուրս չի բերում զինված ուժերն այդ շրջաններից։

Հայաստանի դեպքում սահմանային իրավիճակի դիտարկումից բացի, եվրոպական առաքելությունը պետք է նաև զեկույցներ կազմի՝ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար։ Արդյոք այդ զեկույցները ընդունելի կլինեն Բաքվի համար, որը խոստացել է աջակցել այնքանով, որքանով կառնչվի առաքելությանը՝ հստակ չէ։

ՌԴ-ն կրկին քննադատում է Արևմուտքին

Մինչ Եվրոպայում մանրամասներն են ճշտում, Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր կրկին քննադատել է Արևմուտքին՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը ամեն կերպ միջամտելու և Ռուսաստանին գործընթացից դւորս թողնելու համար։

Բրյուսելը հետևանքների մասին չի մտածում, զգուշացրել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք այստեղ տեսնում ենք եվրոպական կողմի հերթական փորձերը՝ ամեն կերպ ներս խցկվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթաց, ամեն գնով դուրս մղել մեր ջանքերը։ Իհարկե, հարաբերություններ կառուցելու որոշումը ինքնիշխան պետություններինն է, ուղղակի ԵՄ-ի իրական հնարավորությունների վերաբերյալ հարցեր կան․․ ութ տարի Բեռլինն ու Փարիզը չկարողացան կանխել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չհասնի այսպիսի թեժ փուլի։

Մենք կարծում ենք, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է», - ասել է նա։

Զախարովան նշել է, թե Մոսկվան շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ, ավեին, հավելել, թե նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ վաղը հանդիպում անցկացնել Աստանայում՝ ԱՊՀ արտգործնախարարների նիստում։

Ի տարբերություն Մոսկվայի՝ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ աջակցում է գործընթացին: Պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ երեկ, Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում պետքարոտւղար Բլինքենը ողջունել է նաև սահմանին եվրոպացի անզեն դիտորդներ տեղակայելու առաջարկը՝ հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG