Մատչելիության հղումներ

Մասնակցելով իր իսկ քվեարկությանը Վահագն Հովակիմյանը «օրենք է խախտել»


Վահագն Հովակիմյանը մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ թեկնածության քվեարկությանը խախտել է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը, հայտարարում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ չբացառելով, որ կքննարկեն նաև Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

«Վահագն Հովակիմյանը ոչ միայն խախտել է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի պահանջը, ըստ որի նա պարտավոր էր շահերի բախման վերաբերյալ ոչ միայն ակնհայտ հայտարարություն անել, այլ նաև հրաժարվեր քվեարկությունից, ինչը չի արել, և պարզ է, որ իր պաշտոնի նշանակման հարցով բացահայտում է իշխանության իրական դեմքը: Սա հակասահմանադրական, հակաօրինական հերթական արարքն էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դրսևորեց», - նշեց Մինասյանը:

Երեկ ԿԸՀ նախագահի թեկնածուի փակ քվեարկության վերջում խցիկին մոտեցավ նաև հենց ինքը՝ թեկնածու, այդ պահին դեռ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Քվեարկությանը նրա մասնակցությունը հարցեր առաջացրեց անգամ նրա թիմակիցների մոտ:

Ինքը՝ Հովակիմյանը պնդեց՝ իր մասնակցության մասով որևէ արգելք չկա. «ԱԺ կանոնակարգը շահերի բախում տեսնում է, երբ որ օրենքների քննարկում է, որ դրանից կարող է անձին շահեկան լինի»:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեջբերելով՝ Ժուռնալիստների ասպարեզ ակումբի նախագահն ասում է՝ եթե անգամ «թղթերով ամեն ինչ ճիշտ է», այստեղ միևնույն է «արժեքների ոչնչացման հետ գործ ունենք»:

«Բարոյական որոշակի անկման հետ մենք գործ ունենք, հեղափոխությունը մանրից սկսում է ուտել իր զավակների», - ասաց Լևոն Բարսեղյանը:

Ավելի ուշ, հաշվարկից հետո ԱԺ ամբիոնից հայտարարվեց՝ Հովակիմյանն ընտրվել է 65 կողմ ձայնով, ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար նրան նվազագույնը հենց այդքան ձայն էր անհրաժեշտ։ Հովակիմյանի ձայնը իր ընտրության հարցում փաստորեն որոշիչ նշանակություն ուներ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչդեռ 71 պատգամավոր ունի։

«Ես ընտրվել եմ, որովհետև նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, թե ինչպես եմ գործելու, որ գործելու եմ ի շահ Հայաստանի Հանրապետության», - նշեց նա:

Հովակիմյանը ԿԸՀ նախագահի միակ թեկնածուն էր, նրա թեկնածության քննարկմանն ու քվեարկությանը ընդդիմադիրները չմասնակցեցին։ Ոչ մրցակցային ընտրություններն ու ընդդիմադիրների բացակայությունը արդեն ԿԸՀ նախագահ ընտրված Հովակիմյանը խնդրահարույց չի համարում. «Իրենց իրավունքն է»:

Հովակիմյանը ընտրությունից չորս օր առաջ էր իշխող «Քաղաքացիական պայմանագրից» դուրս գալու դիմում գրել, որպեսզի կարողանա համապատասխանել անկուսակցական լինելու օրենքի պահանջին։ Նրա թեկնածությունը անընդունելի էին համարել 17 հասարակական կազմակերպություններ։

48-ամյա Հովակիմյանը երկար տարիներ աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում, հետո, երբ Փաշինյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել, եղել է նրա օգնականը, այնուհետև՝ Փաշինյանի առաջնորդած «Ելք» խմբակցության փորձագետ։ Նա իշխող կուսակցության հիմնադիր անդամներից է, ինչպես նաև վարչության անդամ էր։ Իր առաջադրման մասով որևէ իրավական արգելք չկա, օրենքին հղում է անում Հովակիմյանը:

«Մեր ամբողջ օրենսդրությունը կայանում է նրանում, որ անձին արգելվում է պաշտոն զբաղեցնել, միայն դատապարտվածության և անգործունակության հիմքով», - ընդգծեց Հովակիմյանը:

Դեռ 2019 -ին թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ԱԺ էր բերել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծ, որի հիմնավորման մեջ այն հանգամանքն էր, որ Թովմասյանը մինչ ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելը ՀՀԿ անդամ է եղել։

Վահագն Հովակիմյանը այս զուգահեռները տեղին չի համարում. «Պիտի գնահատել ոչ թե որ կուսակցության անդամ է եղել կամ որ հասարակական կազմակերպության անդամ է եղել, այլ ինչ սկզբունքներով է դա անում, ինչ կենսագրություն ունի: Հրայր Թովմասյանը պաշտոնավարել էր և իր պաշտոնավարման ընթացքում արդեն որոշակի վարքագիծ էր դրսևորել: Իմ դեպքում ուղղակի անմեղության կանխավարկածն է խախտվում, երբ որ ասում են՝ «քանի որ ինքը եղել է կուսակցական, այսպիսի վարքագիծ կդրսևորի»:

Այս շաբաթվա ընթացքում Հովակիմյանը արդեն երկրորդ կուսակցականն է, որ անկախ մարմնի ղեկավար է ընտրվում։ Նախօրեին էլ ՔՊ-ական Կարեն Անդրեասյան էր կուսակցական անդամատոմսը վայր դնել՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համար։ Ընտրության հենց հաջորդ օրն էլ Անդրեասյանին ԲԴԽ նախագահ ընտրեցին։

Կառույցում Գագիկ Ջհանգիրյանի սկանդալային հրաժարականից հետո արդեն երեք ամիս է չէր հաջողվում նախագահ ընտրել։ Անկախ մարմիններում կուսակցականների առաջադրումը խնդրահարույց համարող քաղհասարակության ներկայացուցիչներից Դանիել Իոաննիսյանն ասում է՝ Անդրեասյանի ընտրությունը արդեն իսկ ցույց է տալիս կուսակցական լինելու հանգամանքի ազդեցությունը։

«Կուլիսային պրոցեսներն են, որոնք խնդրահարույց են, որովհետև կուլիսային պրոցեսներով չի կարող մարմնի ղեկավար ընտրվել», - ասաց Իոաննիսյանը:

Իշխանականները այս քննադատությունների հետ համաձայն չեն։ Նախկինից բոլոր զուգահեռներին պատասխանում են նույն հիմնավորմամբ՝ իրենց թեկնածուներն ավելի արդար ու սկզբունքային են, դիտարկմանը, թե դրանք սուբյեկտիվ գնահատականներ են, իսկ փաստն այն է, որ պաշտոնը ստանձնելուց ժամեր առաջ են դուրս եկել իշխող կուսակցությունից, հակադարձում են. «Փաստը գիտե՞ք որն է, որ մեր ժողովուրդը մեզ էդ մանդատը տվել է, իսկ մնացածը կարծիքներ են»:

XS
SM
MD
LG