Մատչելիության հղումներ

«Բարերարների օգնությամբ կապրիմ, գոյատևեմ գը, չեմ դժգոհե». բազմազավակ մայր


Աշխեն Կարապետյան, բազմազավակ մայր
Աշխեն Կարապետյան, բազմազավակ մայր

Աշխեն Կարապետյանը ամեն օր 20 հատ հաց է գնում երեխաներին կերակրելու համար։

Տասը երեխա ունեցող ընտանիքում հացի համար օրական առնվազն 2600 դրամ ծախսելը ճոխություն է, դրա համար ինքն է թխում. - «Թխելը ընձի ավելի ձեռ կուտա։ Լավ է ալյուր առնիմ, քան հաց։ Մեշոկըմ ալյուրը էլի քսան օր է, տասհինգ օր է էրեխեքիս յոլա կտանի»։

Բազմազավակ ընտանիքի բյուջեն ընդամենը 165 հազար դրամ է՝ նպաստը, անասնապահ ամուսնու աշխատավարձն ու 1,5 տարեկան որդու կաթի գումարը:

Եթե բարերարներն օգնության չհասնեն, այս փողով տասը երեխա պահելն անհնար է, ասում է 39-ամյա կինը. - «Էդ գումարը ես մինակ կմուծեմ կոմունալին։ Պարտք ունեմ համ սննդին, համ էրեխեքին հագուստ է, կոշիկ է... իրանց սովորող են, ուսանող են, ճանապարհաձախս է։ Անջաղ մի կերպ կհասցնեմ։ «Բարերարների օգնությամբ կապրիմ, գոյատևեմ գը, չեմ դժգոհե»։

Աշխենը գնաճի պաշտոնական թվերը չգիտի, բայց տեսնում է, որ ամեն ինչ թանկացել է, խանութի պարտքը օրեցօր միայն ավելանում է. - «Կարելի է ըսել խանութ արդեն վախենալով կերթամ պարտք էնեմ... քիչ, որ կարանամ տամ, ես կազդվիմ, որ ընձնից փող ուզեն։ Ամոթ է»։

Պարտքերը քիչ-քիչ մարում է, բայց հետո էլի ավելացնում։ Բարերարները ընտանիքին մի կով են նվիրել, մի կով ու 2 հորթ էլ պատքով են գնել. - «Կթու կով եմ առե։ Հիմա ուղղակի կուզեմ որ էդ գումարը փակվիմ, որոշել եմ գյուղապետին դիմում գրեմ, գոնե էդ կովի գումարը թեկուզ տանի ումից որ առել եմ, իրան տա, ընձի չտա»։

Հիմա 12 հոգով ապրում են երեք սենյականոց տանը, Աշխենը հույսը չի կտրում, որ գոնե կացարանի բարելավման հարցում պետությունը կօգնի։ 4 տղաներին ու 6 աղջիկներին դժվար է մեծացնել այս նեղվածքում. - «Դիմում եմ տվել բնակարանի հարցով որ ինձ օգնեն նախքան տղից բանակ էրթալը։ Էդպես մնացել է կախված օդի մեջ։ Գյուղապետը հույս է տվե, որ ինչ-որ մի բանըմ կենե»։

Հաշվել է՝ եթե պետությունը գոնե ամսական 200 հազար դրամ հատկացնի, ապա կկարողանան ծայրը ծայրին հասցնել:

Ու չնայած սոցիալական անհամար խնդիրներին, շուտով 11-րդին լույս աշխարհ բերող կինը չի փոշմանում, որ շատ երեխաներ է ունեցել. - «Չէ, չեմ փոշմանե, չեմ էլ ընկճվել։ Ինչքան էլ դժվար էղնի, ես կհաղթահարեմ, ինչքան ինձի շատ ծանր էղնի, թող Աստված ընձի ուժ տա, կդիմանամ ամեն ընչին»։

Աշխենի ավագ որդին ժամկետային զինծառայող է, այս օրերին դիրքերում է: Անհանգիստ էր, մինչև որ երեկ զանգ է ստացել: Կնոջ միակ երազանքն այժմ խաղաղությունն է. - «Կարևորը խաղաղ էղնի աշխարհը, երկիրը, բոլոր զինվորները տուն գան։ Ես իմ տղուս հետ շատ հույսեր կկապեմ, իմ տղես որ գա, ես մենակ ըսպես չեմ էղնի...»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG