Մատչելիության հղումներ

Ուկրաինան հայտարարում է ևս մի քանի բնակավայր ազատագրելու մասին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինական ուժերը շարունակում են հակահարձակումը Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի մարզերում, որտեղ վերջին 24 ժամվա ընթացում ևս մի քանի բնակավայր են ազատագրել՝ մոտենալով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Նովայա Կախովկա քաղաքին։

Ուկրաինայի նախագահը երեկվա իր տեսաուղերձում հայտարարել է Խերսոնի շրջանի ևս երեք՝ Նովովոսկրեսենսկոյե, Նովոգրիգորիևկա և Պետրոպավլովկա գյուղերի ազատագրման մասին։

Վլադիմիր Զելենսկին դարձյալ ռուսաստանցիներին է դիմել ռուսերենով. - «Ուկրաինացիները գիտեն, թե ինչի համար են պայքարում: Եվ ավելի ու ավելի շատ Ռուսաստանի քաղաքացիներ են գիտակցում, որ իրենք պետք է մահանան պարզապես այն պատճառով, որ մեկ մարդը չի ցանկանում դադարեցնել պատերազմը»:

Ռուսական բանակը իր հերթին շարունակում է Դոնեցկի մարզում՝ Բախմուտի ուղղությամբ առաջխաղացման փորձերը, շարունակվում են նաև ուկրաինական բնակավայրերի ռմբակոծությունները։ Այս գիշեր և առավոտյան բազմիցս հրթիռակոծվել է Զապարոժիեն, երկու կին մահացել է, ութ մարդ վիրավորվել։

Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար նախագահ Պուտինը սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք հայտարարեց, որն անցնում է կոպիտ խախտումներով, իսկ պատերազմին ընդդիմացող հազարավոր ռուսաստանցիներ փախչում են այլ երկրներ, ոմանք էլ պարզապես թաքնվում են։ Օրինակ, Կարելիայի գյուղերից մեկում չեն կարողացել զորակոչն անցկացնել, քանի որ գյուղի զորակոչի տարիքի բոլոր տղամարդիկ պարզապես «գնացել են անտառ՝ լոռամիրգ հավաքելու»։

Forbes-ի գնահատմամբ՝ մոբիլիզացիայի սկզբից ի վեր Ռուսաստանը 600-700 հազար մարդ է լքել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, այսօր կոչ է արել լուրջ չվերաբերվել Forbes-ի տվյալներին՝ հավելելով, թե ինքը ստույգ թվեր չունի, բայց, իհարկե, դրանք հեռու են իրականությունից։

Երեկ երեկոյան համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում զորակոչված մոտ հինգ հարյուր ռուսաստանցիներ խոսում են անմարդկային պայմաններից։ Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզում։

«Մեզ մեկ շաբաթ պահել են բացառապես անասնական պայմմաններում։ Մեզ ոչինչ չեն տալիս, մենք չգիտենք ուր ենք գնում, մեզ զենք են տվել, բայց այդ զենքը գրանցված չէ.․․ Մենք ոչ մեկին պետք չենք», - ասում է զորակոչվածներից մեկը

Որ զորհահավաքն անցնում է բազմաթիվ խախտումներով, խոստովանում են նաև Ռուսաստանում։ Դումայի երկու հանձնաժողովների ղեկավարներ Գլխավոր դատախազությանը խնդրել են զբաղվել թիկունքի մատակարարման խնդիրներով։ Իսկ անցած շաբաթ Լիմանից ռուսական բանակի նահանջից անմիջապես հետո, Կրեմլի քարոզիչները սկսեցին մեղավորների փնտրել։ Արդեն հնչում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի անունները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հասցեին քննադատությունը հնչում է նույնիսկ դաշնային հեռուստաընկերությունների եթերներում, երբ նախկինում նման բան դժվար էր պատկերացնել։

Ու մինչ Ռուսատանում փորձում են գտնել ռազմաճակատում անհաջողությունների մեղավորներին, Եվրամիությունը հավանություն տվեց պատժամիջոցների ութերորդ փաթեթին, որը նաև ներառում է սահմանվածից բարձր գնով երրորդ երկրներ ռուսական նավթի փոխադրման արգելք։

XS
SM
MD
LG