ԱՄՆ կառավարությունը միտված է ընդլայնելու առկա համագործակցությունը Հայաստանի գլխավոր դատախազության հետ, երեկ Դատախազությունում, նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Ըստ դատախազության՝ դեսպանի խնդրանքով Վարդապետյանը ներկայացրել է կառույցի առաջնահերթությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի զարգացում ու պատերազմական հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացում:
Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Աննա Վարդապետյանը նշել է՝ ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները կրկին կանգնած են մարտահրավերների առաջ, և դրանց դիմակայելու Հայաստանի ջանքերին օգնության պետք է հասնեն այդ արժեքները կրող պետությունները՝ ի դեմս ԱՄՆ-ի:
Վարդապետյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների կողմից հասցեական արվող հայտարարությունները՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժը պետք է անհապաղ դուրս բերվի, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և պետք է պահպանվի հրադադարը:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր: Ադրբեջանը երեկ Հայաստանին է հանձնել վերջին արյունալի բախումներից հետո գերեվարված 17 անձանց։