Մատչելիության հղումներ

Գյումրիում երկրաշարժից հետո՝ մեկ կիսակառույց թաղամաս, երկու շենք ու անլուծելի խնդիրներ


Գյումրիում երկրաշարժից հետո կառուցված «Աշոցք» թաղամասում մի քանի տասնյակ կիսակառույց շինությունների շարքում միայն երկու շենք է բնակության համար պիտանի դարձել։ 1990-ականների սկզբին կառուցված այս շենքերից մեկը քաղաքապետարանի հաշվեկշռում է, իսկ մյուսը մինչ օրս պարզ չէ, թե ում է պատկանում։

Այդուհանդերձ, այստեղ արդեն տասնամյակներով մարդիկ են բնակվում, ովքեր այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչ կարգավիճակ ունեն իրենց բնակարանները։

«Հաշվառված ենք, ապրում ենք այստեղ, բայց չգիտենք, օդի մեջ ենք, ոչ մի տեղ չենք երևում», - ասաց բնակիչներից մեկը:

Ի՞նչն է պատճառը, որ դեմ դիմաց գտնվող երկու շենքերից մեկը ներառվել է քաղաքապետարանի հաշվեկշռում, իսկ մյուսը՝ ոչ: Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է՝ առայժմ չի հաջողվում հիմնավոր փաստաթղթերով լուծել 16 բնակարան ունեցող շենքի ենթակայության հարցը:

«Շենքը կառուցելուց հետո ավարտական ակտ չի ստացել, մի քանի անգամ չափագրել ենք, դիմել ենք Կադաստրի, բայց չի գրանցվել այդ պատճառաբանությամբ, այսինքն, հիմնավորումը թույլ լինելու պատճառով չի գրանցվել Կադաստրի կողմից, չնայած մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի տեսնենք՝ ինչ հիմնավորումներով կարող ենք այդ հարցը լուծել», - նշեց Գասպարյանը:

Չակերտավոր անտեր շենքում բնակվող ընտանիքներից ոմանք քաղաքապետարանից բնակության իրավունք են ստացել, իսկ մյուս մասը՝ ոչ: Սեդա Մարգարյանի ընտանիքը 2008-ից է ապրում շենքում: Տնակից դուրս գալու համար ընտանիքին բնակարանը այն ժամանակվա քաղաքային իշխանություններ են հատկացրել, բայց 14 տարի է նույնիսկ բնակության օրինական իրավունք չեն կարողանում հանել:

«Դիմել եմ օրդերի համար, ասում են՝ շենքը բալանսի նստած չէ, մենք իրավունք չունենք ձեզ օրդեր տալու, երբ որ կնստի բալանսի, էդ ժամանակ եկեք ձեր օրդերը պահանջեք», - ասաց Սեդա Մարգարյանը:

Կարեն Երանոսյանի ընտանիքն էլ բնակության իրավունքի միասնական օրդեր ունի, բայց քանի որ շենքը որևէ կառույցի հաշվեկշռում չէ՝ սեփականաշնորհել չի կարող. «Չենք կարող սեփականաշնորհում անել, օտարելու կամ վաճառելու և այլ ուրիշ հարցերով չենք կարող»:

Պաշտոնապես անտեր շենքի բոլոր խնդիրները բնակիչների ուսերին է:Նրանք մտահոգ են՝ տարիներ շարունակ գումար են ներդրել ու առանց որևէ հարմարության բնակարանները վերանորոգել, սակայն չունեն սեփականության փաստաթղթեր ու ըստ էության՝ օդից կախված են:

Երկրաշարժից տուժածներին բնակարաններով ապահովելու համար նախատեսված անավարտ թաղամասում կիսակառույց շենքերի մի մասը փլուզվել է, իսկ բնակելի 2 շենքերում խնդիրների պակաս չկա: Ամենագլխավոր հարցը գազաֆիկացումն է, քանի որ, ըստ բնակիչների՝ վառելիք գնելու կամ հոսանքով բետոնե շենքը ջեռուցելու հնարավորության չունեն:

«Մի երկու ամսվա վառելիք ունեմ, անցյալ տարվանից մնացած, չգիտեմ ինչ պիտի անեմ, թոշակառու մարդ եմ, հոսանքով չեն տաքացվի էդ շենքերը, էս բետոնները», - նշեց բնակիչներից մեկը:

Կարեն Երանսոյանի հաշվարկներով առաջիկա ձմռանը բնակարանը ածուխով ու փայտով ջեռուցելու համար 700 հազար դրամ պետք կլինի ծախսել, իսկ նման հնարավորությունն ընտանիքը չունի:

«Ընդհանուր 700 հազար էդ 4-5 ամիսն անցկացնելու համար, ինքն էլ բետոնից շենք է էլեկտրականությունով դժվար է տաքացնելը: Մենք հիմա մի հատ բարդ խնդրի առաջ ենք կանգնած», - նշեց Երանոսյանը:

Բնակիչներն ասում են, որ դիմել են գազամատակարարում անցկացնելու համար, նույնիսկ պատրաստ են իրենք որոշակի ներդրում անել, բայց քաղաքային ու մարզային իշխանությունները մերժել են: Հույս ունեն, որ գոնե շենքերի ջերմամեկուսացման ծրագիրն իրենց չի շրջանցի։ «Մի հատ էլ ուշադրություն դարձնի էս շենքերի վրա, քանի որ մենք ո՛չ գազաֆիկացում ունենք, ո՛չ ջեռուցում ունենք, գոնե արտաքին ջերմամեկուսացում լինի»:

Ըստ կիսակառույց թաղամասի բնակիչների՝ իրենց շենքերի տեղը պաշտոնյաներից շատերը, նույնիսկ, չգիտեն, ուր մնաց առկա խնդիրներին ծանոթ լինեն: Ընտրությունից ընտրություն գալիս խոստումներ են տալիս ու գնում՝ իրենց թողնելով խնդիրների հետ մենակ, ասում են թաղամասի բնակիչները։

Գյումրիում երկրաշարժից հետո՝ մեկ կիսակառույց թաղամաս, երկու շենք ու անլուծելի խնդիրներ
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG