Մատչելիության հղումներ

«Արտատարածքային միջանցքի մասին խոսք չի կարող լինել». Օվերչուկ


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Մոսկվան, Բաքուն և Երևանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում չեն քննարկում Անդրկովկասում «արտատարածքային միջանցքի» ստեղծումը, որը կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշման վրա: Սա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մասին», - ընդգծել է նա։

Ըստ Օվերչուկի՝ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, որ «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով անցնում է ճանապարհը»։ «Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ուրեմն սա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով, ուրեմն՝ ադրբեջանական», - պարզաբանել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ երկու տարուց էլ քիչ ժամանակում խումբը մեծ աշխատանք է կատարել. «Արդյունքում բանակցողներն ունեն երթուղիների տեսլական, որի իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը»,- ասել է նա։

Օվերչուկն ընդգծել է, որ ճանապարհների բացումը կամ կառուցումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակորեն կսահմանեն երկրների միջև սահմանը հատելու, ինչպես նաև այդ ճանապարհներով երթևեկության իրավական ռեժիմը. - «Գործնականում այս սկզբունքի իրականացումը նշանակում է, որ Ադրբեջանից Հայաստանի տարածք չարգելափակված կամ նոր կառուցված ճանապարհներով մուտք գործելու համար սահմանային և անձնագրային հսկողության միջոցառումները կլինեն նույնը, ինչ, օրինակ, Իրանից Հայաստան մուտք գործելիս»։

Նույնը, ըստ նրա, կլինի Հայաստանից Ադրբեջան մուտքի ժամանակ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել էր, մասնավորապես, որ Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային ճանապարհ է ուզում, մինչդեռ եռակողմ փաստաթղթերում այդ մասին որևէ խոսք չկա։

Ադրբեջանի, ինչպես նաև այդ երկրի դաշնակից Թուրքիայի ղեկավարները պարբերաբար հայտարարում են «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ որպես ադպիսին ակնհայտորեն նկատի ունենալով արտատարածքային ճանապարհ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG