Մատչելիության հղումներ

Երևանը վստահեցնում է՝ քուրդ դատապարտյալներին չի՛ հանձնել Անկարային


«Քուրդիստանի ժողովրդական պաշտպանության ուժեր» կազմակերպության դրոշը
«Քուրդիստանի ժողովրդական պաշտպանության ուժեր» կազմակերպության դրոշը

Ինչպե՞ս ստացվեց, որ դեռ անցած տարի անօրինական զենքերով Հայաստանի սահմանն ապօրինի հատելու համար դատապարտված, ապա պայմանական ազատ արձակված Թուրքիայի քաղաքացի երկու քրդերը հայտնվեցին Հայաստանի սահմանից դուրս՝ թուրքական հետախուզության ձեռքում։

Մինչ Քրդական բանվորական կուսակցության ճյուղը համարվող «Քուրդիստանի ժողովրդական պաշտպանության ուժեր» կազմակերպությունը Հայաստանին է մեղադրում իր անդամներին Թուրքիային հանձնելու համար, պաշտոնական Անկարան հայտարարում է, թե իր հետախուզությունն է նրանց հայտնաբերել՝ չհստակեցնելով, թե որ երկրից։

Երևանից էլ վստահեցնում են, թե Հուսեին Յըլդըրըմին և Աթիլլա Չիչեքին հանձնելու միջնորդություն Թուրքիայից երբևէ չեն ստացել։ Ավելին, նրանք Հայաստանից դուրս գալու արգելք չեն էլ ունեցել մինչև օգոստոս։

Ի՞նչ արտահանձնման մասին է խոսքը, երբ Հայաստանը այս օգոստոսից ինքն էր փնտրում նրանց, ասում է Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը. - «Արտահանձնման որևիցե գործառույթ չէր կարող իրականացվել, և եթե Պրոբացիայի ծառայությունը արդեն հայտարարել է հետախուզում։ Ակնհայտ է, որ եթե օգոստոսից դեռևս Պրոբացիայի ծառայությունը անձանց նկատմամբ հայտարարել է հետախուզում, արհանձնման խոսք չէր կարող լինել»։

Արդարադատության նախարարությունից պնդում են՝ պայմանական դատավճռից հետո նրանք տեղաշարժվելու սահմանափակում չեն ունեցել, իսկ դատապարտյալներին հսկող Պրոբացիայի ծառայության ղեկավարը խոստովանում է, որ չեն կարողացել գտնել քրդերին, որպեսզի հաշվառեին նրանց։

Պաշտոնյան չի բացառում, որ նրանք Հայաստանի սահմանը ապօրինի են հատել. - «Հետախուզում հայտարարելուց հետո եթե իրենք կարողանում են դուրս գալ, ուրեմն արել են այլ ինչ-որ եղանակով կամ ճանապարհով։ Որովհետև հետախուզում հայտարարելուց հետո բոլոր սահմաններում արդեն կա տեղեկատվություն, որ տվյալ անձինք հետախուզման մեջ են, և իհարկե իրենք չեն կարող օրինական ճանապարհով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը»։

Ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլա Օջալանի հիմնադրած Քրդական բանվորական կուսակցությունը պայքարում է Թուրքիայի տարածքում ինքնավարության և քրդերի իրավունքների համար։ Թուրքիան և մի շարք այլ երկրներ այս կառույցը ահաբեկչական են ճանաչել։

Հայաստանյան դատարանում քրդերի շահերը պաշտպանած փաստաբան Դավիթ Գասպարյանը չի կարծում, որ Երևանն է նրանց արտահանձնել, նրանք ավելի շուտ իրենք են հատել սահմանն այնպես, ինչպես և ժամանակին եկել էին Հայաստան. - «Ես էսպես եմ մտածում, դա լոկ իմ ենթադրությունն է. այդ անձինք ազատ տեղաշարժվելու իրավունք են ունեցել և օգտվել են այդ իրավունքից որոշակի չափով՝ թեկուզ անօրինական, և անցել են Հայաստանի Հանրապետության սահմանը։ Ինչպես Իրանից էին անցել, նույնն էլ Հայաստանի Հանրապետության սահմանն էին անցել, անցել են Թուրքիա։ Ես դա չեմ բացառում, դա իմ կարծիքն է»։

Դատարանում Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը մեղքը չեն ընդունել, պատմել են, որ Իրանից են մտել Հայաստան, բայց չեն էլ հասկացել, որ հատել են սահմանը։

Դատալեքս դատական տեղեկատվական կայքէջում տեղադրված վճռի համաձայն, Օջալանի կուսակցության անդամները դատարանում պատմել են, որ զենքերը և զինամթերքը իրենցն են, դրանք իրենց անբաժան մասն են, և պարտավոր են միշտ կրել։ Հայաստանի սահմանին՝ Արաքսի ափին բռնվելու օրը մտածել են, թե պետական սահմանը չեն հատել, քանի որ կարծել են, որ այն գետով չի անցնում։ Հետո մտադիր էին Հայաստանով անցնել Թուրքիա։

Փաստաբան Գասպարյանն ասում է՝ դատապարտվելուց հետո նրանց հետ գործ չի ունեցել. - «Վճռաբեկ բողոք եմ ներկայացրել։ Ես և Գլխավոր դատախազությունը։ Երկու վճռաբեկ բողոքն էլ չի ընդունել վարույթ, բայց ըստ էության բարենպաստ է եղել մեզ համար, որովհետև փաստացի թեև անձինք չեն արդարացվել, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Ես համարել եմ իմ գործը պատշաճ կատարած, քանի որ անձինք անազատության մեջ չեն գտնվել, որ կարողացել եմ իրենք օգնել, քանի որ քուրդ ժողովուրդը հայ ժողովրդի բարեկամ ժողովուրդ ա համարվում։ Ես պարտքս կատարել եմ, փորձել եմ իրենց օգնել»։

Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր չունեցող Հայաստանը կարող է մեղադրյալներին արտահանձնել «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայով, բայց, ըստ Արդարադատության նախարարության, 2018-ից մինչ օրս որևէ մեկին չի հանձնել։

Գերատեսչությունից «Ազատությանը» հայտնել են, որ անցած 4 տարիներին Հայաստանն ուսումնասիրել է Թուրքիայի 6 միջնորդություն այդ երկրի քաղաքացիներին հանձնելու մասին։ Երևանը դրանցից 4-ը մերժել է, իսկ երկուսը դեռ ուսումնասիրում է։

Թե ինչի համար է Թուրքիան որոնում և արդյո՞ք նրանց շարքերում Քրդական բանվորական կուսակցության անդամներ կան, Արդարադատության նախարարությունը չի բացահայտում։

Քուրդ դատապարտյալներին Երևանը չի՜ հանձնել Անկարային
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

XS
SM
MD
LG