Մատչելիության հղումներ

«Պահանջում ենք, որ Ադրբեջանը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ուղղված ամբողջական հրադադարի հաստատմանը». Մհեր Գրիգորյան


«Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը», - Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նիստի շրջանակներում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Մինչ նկատվող տնտեսական ցնցումների պայմաններում մենք ԱՊՀ շրջանակներում ընդունում ենք փաստաթղթեր ի հայտ եկող խնդիրներին արձագանքելու միջոցների վերաբերյալ, մշակում ենք մեթոդներ՝ ուղղված մեր պետությունների քաղաքացիների բարեկեցության վրա ներկայիս տնտեսական իրավիճակի ազդեցության մեղմմանը, ԱՊՀ մասնակից մի երկիր ոչնչով չհրահրված և բացարձակապես անօրինական լայնածավալ ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Կառավարության փոխանցմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Հայաստանի արևելյան և հարավարևելյան հատվածների վրա՝ ընդգծելով՝ առկա են ապացույցներ «ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, գերեվարված հայ զինծառայողներին ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ»:

«Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: Մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է 192 բնակելի տուն, ինչպես նաև հյուրանոցներ, դպրոցներ, բուժհաստատություն և այլ քաղաքացիական օբյեկտներ», - ըստ տարածած հաղորդագրության, մանրամասնել է Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ դեռևս սեպտեմբերի 2-ից «ադրբեջանական կողմը սկսեց կեղծ լուրեր տարածել հայկական կողմից հրադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներով՝ հստակ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ տեղեկատվական հիմք իրենց նվաճողական նկրտումների իրականացման համար»։

«Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստացել և շարունակում ենք ստանալ Թուրքիայից Ադրբեջան ռազմական նշանակության օդային փոխադրումների վերաբերյալ։ Սեպտեմբերի 5-ից 9-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, որոնց հայտարարված խնդիրն էր ոչնչացնել պայմանական հակառակորդի օդային և ցամաքային թիրախները», - ընդգծել է փոխվարչապետը։

Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի մեղադրանքները Հայաստանի կողմից որևէ գործընթաց, աշխատանքներ կամ բանակցություններ ձգձգելու վերաբերյալ՝ Մհեր Գրիգորյանը պնդել է՝ Հայաստանը ժամանակին և մանրամասնորեն կատարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթները և բանակցությունները վարել է կառուցողական հունով։

«ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտմամբ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նպատակ ունի նաև խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի աշխատանքները:

Այն պնդումը, որ Ադրբեջանն իրավունք ունի օկուպացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը միայն այն պատճառով, որ սահմանազատված սահման չկա, բացարձակապես անհիմն է», - ասել է Գրիգորյանը։

Ընդգծելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, փոխվարչապետը ասել է՝ «ակնկալում ենք, որ արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն առաջին հերթին ՀԱՊԿ-ի կողմից»։

«Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները՝ ուղղված ամբողջական հրադադարի հաստատմանը, իրենց զինված ուժերի կազմավորումները ելման դիրքեր վերադարձնելուն և հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն», - հայտարարել է Մհեր Գրիգորյան:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Սեպտեմբերի 14-ի երեկոյից հաստատված հրադադարը, փաստացի, արդեն երեք օր է խախտվում է։ Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական զինուժը կրակել էր Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ուներ մեկ վիրավոր։ Այսօր էլ ՊՆ հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը առավոտյան կրակել է Կուտականում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG