Մատչելիության հղումներ

Մենք ինքներս պիտի կարանայինք մեզ զինեինք, պաշտպանեինք, պիտի չսպասեինք ռուսին կամ ինչ-որ մեկելին. սահմանամերձ Հայկաձորի բնակիչ


Հայ-թուրքական սահմանին գտնվող Հայկաձոր գյուղի բնակիչները

Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ դուրս գա՞լ, փոխե՞լ արտաքին քաղաքական կողմնորոշումը, թե՞ ոչ։ Հայ-թուրքական սահմանին ապրող հայկաձորցիներն իրենց առօրյա գործերին զուգահեռ այս հարցերն են ամենաշատ քննարկում այս օրերին։

Պավլիկ Հարությունյանը չի կողմնորոշվում, ծանրութեթև է անում այդ քայլի հետևանքները. - «Հիսուն-հիսուն, ո'չ մեկն է ճիշտ, ո'չ մյուսը... Եթե իրանք համաձայն չեղնին ՀԱՊԿ-ին, ճնշումը մեր վրա ավելի շատ կեղնի ՀԱՊԿ-ի, շատ բացասական մոմենտ չեղնի։ Եթե խփում ա էսօր մեզի իրա գլխի վրայով, ու ինքը ոչ մի բան չի անում, ես չեմ գտնում, որ էդիկ ճիշտ է։ Ուղղակի ստեղ մենք էնքան թույլ ազգ ենք, որ ոչ մի բան չենք կարա անենք։ Մենք ինքներս պիտի կարանայինք մեզ զինեինք, պաշտպանեինք, պիտի չսպասեինք ռուսին կամ ինչ-որ մեկելին»։

Տիգրան Մարգարյանը սահմանին ամենամոտ ապրող բնակիչն է։ Զայրացած է, որ Ռուսաստանի առաջնորդած ռազմական դաշինքը չկատարեց իր պարտավորությունը ու Հայաստանի տարածքի վրա հարձակման դեպքում նույնիսկ ռազմական աջակցություն չտրամադրեց։ Հուսահատ ինքն իրեն հարց է տալիս՝ իսկ ո՞վ կպաշտպանի Հայաստանին, եթե դաշնակիցներն էլ դա չեն անում. - «Որ դուրս էկանք, ո՞վ է նոր էդ կազմակերպությունը, Հայաստանին նեցուկ կանգնողը։ Չգիտենք... էս խառը իրավիճակը ոչ մի երկրի համար էլ լավ չէ, ոչ մի լավ բան չենք սպասում մենք։ Եթե ՀԱՊԿ-ը չի մտածում մեր երկրի մասին... Մենակ մեր համար չի վատ լինելու, ամբողջ աշխարհն է տուժելու»։

Մոտ 450 բնակիչ ունեցող գյուղի դպրոցի զինղեկ Արման Գևորգյանը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք չէ վատացնել։ Ցույց է տալիս հայ-թուրքական սահմանը, որը ռուս սահմանապահներն են հսկում։ Ամեն դեպքում, ասում է, իշխանություններն են որոշողը՝ կփոխվի՞ արտաքին քաղաքական կուրսը, թե՞ ոչ. - «Կառավարությունն է որոշողը։ Հիմա եթե հնարավոր է, մի պահ իրանց հետ էլ աշխատել։ Աշխարհի դրության պահը որ վերցնենք, երևի մենք Ռուսաստանից պետք չէ հրաժարվենք։ Այսինքն՝ չենք էլ կարող»։

Զինղեկի միակ ցանկությունը խաղաղությունն է. - «Մենք ուզում ենք խաղաղ ապրենք։ Առանց էդ էլ էս վերջին տարիներին մենք ամեն ինչ տեսանք։ Ժողովուրդը հոգնել է... հոգնել որն է, մենք շատ ջահելներ կորցրինք։ Մի քանի տարի հետո արդեն ես էլ ունեմ բանակային տղա, տարբերություն չկա, բոլորն էլ մերն են»։

Սահմանի մյուս հատվածներում լարվածությանն ուշի-ուշով հետևող գյուղում անորոշ տրամադրությունների ֆոնին մի լավ նորություն, այդուհանդերձ, կա։ Հույս կա, որ վերջապես խմելու ջուր կունենան։ Հիմա ջրագծի շինարարությունն է ընթանում։

XS
SM
MD
LG