Մատչելիության հղումներ

Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արայիկ Հարությունյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միասնականության կոչով է հանդես եկել:

«Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը:

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա: Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է՝ նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը», - նշել է նա իր տեսաուղերձում:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Արայիկ Հարությունյանը շեշտել է` Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում:

Նա հերթական անգամ հորդորել է միջազգային հանրության դերակատարներին կատարել իրենց պարտավորությունները և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախությունը:

Արցախի ղեկավարը ևս մեկ անգամ ասել է, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս: «Կրկին հավաստիացնում եմ, որ մենք չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ և այդ մասին հայտարարում եմ նաև հիմա՝ ի լուր աշխարհի», - նշել է նա, հավելելով, որ բաց են ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, և դրա համար են պարբերական շփումները ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման:

Նա խոսել է նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին, հայտնել, որ նախատեսում է առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել պետական կառավարման համակարգում:

«Ուզում եմ ընդգծել այդ առումով իմ գլխավոր որոշումներից մեկը՝ նախագահին կից ձևավորելու քաղաքական խորհուրդ, որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ», - ընդգծեց Արցախի Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG