Մատչելիության հղումներ

Ադրբեջանական հարձակումից 3.5 օր անց չեն հրապարակվում գերիների, անհետ կորածների ու կորսված դիրքերի պաշտոնական թվերը


«Հայկական զինուժին հաջողվել է հետ բերել 6 դիրք», - սա միակ թիվն է, որ իշխանական պատգամավորներն այսօր պատրաստ էին հրապարակել։ Հնչող կոչերին զուգահեռ՝ հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, չեն հաղորդվում զոհերի անունները, ադրբեջանական հարձակումից 3.5 օր անց չեն հրապարակվում գերիների, անհետ կորածների ու կորսված դիրքերի պաշտոնական թվեր։

Մարդիկ համացանցում են փնտրում իրենց զինծառայող որդիներին՝ հաճախ հույսը դնելով ոչ պաշտոնական, կասկածելի աղբյուրների վրա, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը համաձայն չէ՝ թե կա տեղեկատվական վակուում. Ճշտումների ու հանրությանը հստակ թվեր ներկայացնելու համար ժամանակ է պետք։ Ինչքան՝ հայտնի չէ։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և՛ հայտարարում էր, որ զոհերը նույնականացված են, և՛ որ կան մարմիններ, որոնք հայկական կողմի տնօրինման տակ չգտնվող տարածքներում են։

«Կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն մեր տնօրինման տարածք, դա էլի բարդ խնդիր է էս պահի դրությամբ: Հրադադարի հնարավորություն էսօր ունենք, բայց էդ հրադադարի պայմաններում էլ նման գործողությունները որոշակի ընթացակարգ են պարունակում: Չե՞ք տեսել, սպիտակ դրոշ է լինում, պայմանավորվում են, որպեսզի էդ տեղափոխությունների ժամանակ էլ ավելորդ լարվածություն և կրակոցներ չլինեն: Ամեն ինչ կլինի ըստ անվտանգային գործողությունների տրամաբանության», - նշեց Քոչարյանը:

Խորհրդարանում ճեպազրույցն ընթանում էր, երբ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 135 է։

Ինչո՞ւ է վարչապետը և ոչ թե պաշտպանական գերատեսչությունը տեղեկությունը հրապարակում։ 3 անգամ է այս օրերին զոհերի թիվ հրապարակվել, երեքն էլ՝ վարչապետի կողմից. - «Վարչապետը հնչեցրել է Պաշտպանության նախարարության ներկայացրած թիվը կառավարության նիստին, որն առավել լայն լսարան ունի և առավել հասանելի է մեր հանրությանը: Ես կարծում եմ՝ պետք է ավելի արդյունավետ համարեք այս մեթոդը հանրությանը տեղ հասցնելու ձեր կողմից քիչ առաջ բարձրաձայնված հարցերի պատասխանները, քան մյուս հարթակներում»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է՝ իշխանությունը պարտավոր է ճշտել և հայտնել զոհերի, գերիների, անհետ կորածների թիվը, որ մարդկանց անորոշությունը էլ ավելի չխորանա։

«Եթե չեն ներկայացնում, ապա դա նշանակում է, որ այսօր լիարժեք չեն գնահատել այն ամբողջ փոփոխությունները, լիարժեք չեն տիրապետում այն իրավիճակին, որը տեղի է ունեցել մարտական գործողությունների ժամանակ: Բացի զոհվածներից, մենք նաև գիտենք, որ դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել», - ասաց Օհանյանը:

Արդյոք բանակը պատրա՞ստ էր ադրբեջանական հարձակմանը. Ըստ պաշտպանության նախկին նախարար Օհանյանի՝ կորուստների զգալի մասը տեղի են ունեցել այն խրամատներում, որոնք լիարժեք կահավորված չեն եղել։

«Հիմա մենք կարող ենք ուղիղ հարց տալ Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ինչո՞ւ ասֆալտները կահավորված են, ինչո՞ւ տարբեր գինու փառատոնների համար գումարներ է ծախսվում, բայց առաջին գիծը, խրամատները գոնե հասարակ հակառակորդի հրետակոծությունից, հակառակորդի անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար կահավորված չի եղել», - նշեց Օհանյանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը երեկ խոսում էր Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման մասին, այդ թվում՝ Նախիջևանի կողմից։ Իշխանականները չեն հստակեցնում, հնչում է զգոնությունը չկորցնելու կոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG