Մատչելիության հղումներ

Freedom House-ը դատապարտում է Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա


Ադրբեջանի զինված ուժերը «պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա» և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից համակարգվող խաղաղության գործընթացին, հայտարարել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը։

Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով, ասված է նրա հայտարարության մեջ։

«Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային համակարգում, այդ իսկ պատճառով մենք դիմում ենք ԱՄՆ կառավարությանը, գործընկեր ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ հրադադարի կոչ անելու: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին դիտարկել լրացուցիչ քայլեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - շեշտել է իրավապաշտպան կազմակերպության նախագահը։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ հարձակումների ժամանակ զոհվել է 105 զինվոր, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից զոհվել է 71 զինվոր։

XS
SM
MD
LG