Մատչելիության հղումներ

Բախումներ Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին


Տաջիկստան-Ղրղըզստան սահման, արխիվ
Տաջիկստան-Ղրղըզստան սահման, արխիվ

Այսօր առավոտյան կրկին սրվել է իրադրությունը Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին։

Տեղական ուժայինների պնդմամբ, բախման ընթացքում մեկ տաջիկ զինվորական զոհվել է, մի քանիսը տաբեր աստիճանի վիրավորումներ են ստացել, հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Պաշտոնական Բիշքեքի տեղեկություններով՝ սահմանային Վորուխ բնակավայրի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով երկու ղրղըզ սահմանապահ է վիրավորվել։

Մոսկովյան «Կոմերսանտի» տվյալներով՝ իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ ղրղըզական սահմանապահ ուղեկալի ծառայողները հայտնաբերել են, որ տաջիկ զինծառայողներն առաջ են բերել իրենց դիրքերը՝ խախտելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։

Տաջիկական կողմի վարկածով՝ իրադրությունը սահմանին սրվել է այն բանից հետո, երբ ղրղըզ սահմանապահները ականանետերից կրակ են բացել տաջիկական ուղեկալի ուղղությամբ։

«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության փոխանցմամբ, կեսօրին մոտ փոխհրաձգությունը դադարել է, սակայն դրա հետևանքով հրդեհ է բռնկվել սահմանապահ ուղեկալների հարևանությամբ գտնվող արտոավայրում։

XS
SM
MD
LG