Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների հետ քննարկել է ՔԿ-ում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:
Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տևած հանդիպմանը, Քյարամյանը պատասխանել է ծնողների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով, հայտնում է Քննչական կոմիտեն:
Ծնողները դժգոհ են քննությունից, նրանք վերջին ամիսներին պարբերաբար ակցիաներ են իրականացնում տարբեր իրավապահ մարմինների շենքերի առջև, նախ և առաջ պահանջելով 44-օրյա պատերազմին առնչվող քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել։
Ծնողների պահանջի հիմքում վարչապետի՝ ապրիլին արած հայտարարությունն է. Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ասել էր, որ պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, բայց՝ առանց զոհերի։