Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները պետք է որ տեղեկացված լինեին Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզման դադարեցման մասին


Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյան
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյան

Հայաստանի իշխանությունն` ի դեմս ոստիկանության, չէր կարող չիմանալ, որ Ինտերպոլն արդեն երկու ամիս է դադարեցրել է հետախուզումը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ, պնդում է միջազգային այդ կառույցի հետ համագործակցության փորձ ունեցող փաստաբան Արա Ղազարյանը։

Մասնագետի խոսքով, ըստ ընթացակարգի, երբ Ինտերպոլը որևէ մեկին հանում է հետախուզվողների ցանկից, այդ մասին տեղեկացնում է բոլոր գործընկերներին՝ տեղական Ինտերպոլի բյուրոներին. - «Եթե նման գործ են ստանում, և եթե քաղաքացին դիմում է, խնդրում է իր հետախուզումը դադարեցնել, Ինտերպոլը եթե որոշում է կայացնում, անպայման տեղեկացնում է։ Համենայն դեպս ես ունեցել եմ այդպիսի պրակտիկա. Ինտերպոլը տեղեկացրել է Հայաստանի իրավասու մարմնին, դա իր ազգային գրասենյակն է։ Ազգային գրասենյակն էլ արդեն պիտի տեղեկացնի մյուս մարմիններին, այդ թվում Գլխավոր դատախազությանը, որովհետև այնտեղ լուծվում էր անձի արտահանձնման և կալանքի հետ կապված խնդիրներ։ Այնպես որ, կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս ոստիկանության կառուցվածքում գտնվող Ինտերպոլի ազգային գրասենյակի, պետք է որ տեղեկացված լիներ հետախուզման դադարեցման մասին»։

Թե կոնկրետ երբ է Հայաստանի ոստիկանությունը տեղեկացել, որ Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցված է և ինչ քայլեր է ձեռնարկել, պաշտոնական որևէ կառույց մինչ այժմ չի ասում։ Գլխավոր դատախազությունը երեկ միայն շտապեց հայտարարել, թե այսքան ժամանակ որևէ բանից տեղյակ չի եղել և, շարքային քաղաքացիների նման, առաջին լուրը ստացել է լրատվամիջոցներից։ Հստակ չէ՝ եթե այդ հրապարակումները չլինեին, դեռ որքան ժամանակ դատախազությունը կմնար անտեղյակության մեջ։

Մինչդեռ հենց դատախազությունն էր 2020-ին դիմել Ինտերպոլ՝ կոռուպցիոն մի շարք հոդվածներով մեղադրվող Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար։

Ոստիկանությունը միտումնավո՞ր է լռել , և արդյո՞ք սա չի վկայում, որ իրավապահ համակարգի երկու թևերի միջև արյունավետ համագործակցություն չկա։

«Դժվար է ասել այստեղ միտում կա՞, թե՞ ուղղակի աշխատանքային պարտականությունների թերացում։ Փաստը մնում է փաստ, որ միջազգային հետախուզումը դադարեցված է։ Առավել հետաքրքիր է գուցե պարզել, թե ինչ հիմքով է դադարեցված։ Սովորաբար Ինտերպոլը դադարեցնում է հետախուզումը, երբ պարզվում է, որ միջազգային հետախուզում հայտարարելը կամ իր կառուցակարգի օգտագործումը կարվի իր կանոնադրության հակասությամբ, մասնավորապես՝ 3-րդ կետի հիմքով»։

Այս պահին հայտնի է միայն, որ Միքայել Մինասյանն ինքն է դիմել Ինտերպոլին իր նկատմամբ հետախուզումը դադարեցնելու համար։ «Իտերպոլի կանոնադրության համաձայն, այդպիսի դիմումները բավարարվում են մի շարք դեպքերում՝ քաղաքականից մինչև կրոնական խտրականություն և փախստականի կարգավիճակ», - ասում է փաստաբանը։

Արա Ղազարյան
Արա Ղազարյան

Մասնագետը ենթադրում է, որ երրորդ նախագահի փեսան գուցե Ռուսաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, ինչը նշանակում է, որ հետախուզվողը հայրենիք վերադառնալիս կենթարկվի խտրականության։ Նախկինում, Ղազարյանի խոսքով, արդեն իսկ եղել են նման դեպքեր. - «Ես, օրինակ, գիտեմ, որ կան էլի քաղաքական գործիչներ նախկին իշխանության, ովքեր որևիցե պետությունում ստացել են փախստականի կարգավիճակ, և դա հիմք է եղել, որպեսզի միջազգային հետախուզումը դադարեցվի, և տվյալ պետության կողմից արտահանձնման գործընթացը նույնպես վերացվի»։

Մինասյանի փաստաբանները չեն մեկնաբանում տեղի ունեցածը, իսկ Գլխավոր դատախազությունը, որը Հայաստանի տարածքում շարունակում է փնտրել նրան, պնդում է, թե փորձում է Ինտերպոլից ստանալ հետախուզման դադարեցման հիմքերը։ Ըստ ընթացակարգի, Ինտերպոլը կարող է երկրորդ անդամ քննարկել հետախուզում հայտարարելու դիմումը՝ եթե Հայաստանի իրավապահները նոր հանգամանքներ ներկայացնեն։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ հայտարարել, որ նման փաստերի պակաս Մինասյանի դեպքում չկա. - «Բայց Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատար է եղել և մինչև օրս շարունակում է մնալ։ Ուրիշ բան, որ էդ սեփականությունը գրանցված է էղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկիդ ոչ մի բան չի ասում։ Օրինակ, կարող էինք գնալ և էդ կնոջը, որին իմիջիայլոց հիմա փախցրել են Հայաստանից, կարող էինք գնալ, բերել, ասել՝ գրեք-ստորագրեք, որ ձեր ամբողջ գույքը նվիրում եք պետությանը»։

Երկու տարի առաջ հարուցված քրեական գործով Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Հայաստանի իշխանությունը պետք է որ տեղեկացված լիներ Մինասյանի նկատմամբ հետախուզման դադարեցման մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00

XS
SM
MD
LG