Մատչելիության հղումներ

Պուտինի հայաստանյան այցի ժամկետները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել․ Ուշակով


ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով, արխիվ

Կրեմլը դեռևս պաշտոնապես չի հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ժամկետները: Այս մասին, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ Պուտինն այս տարի պլանավորում է Հայաստան այցելել։

«Ես որևէ հաստատում չունեմ այդ կապակցությամբ։ Մեր կողմը պաշտոնապես չի խոսել այդ մասին», - ասել է Ուշակովը, միևնույն ժամանակ շեշտել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են։

«Հայաստանի վարչապետի հետ շատ ակտիվ շփումներ են տեղի ունենում, մեր նախագահն անձամբ մի քանի անգամ այս տարվա ընթացքում հանդիպել է նրա հետ, գումարած մշտական հեռախոսազրույցները։ Իմ կարծիքով, եթե համեմատելու լինենք մյուս առաջնորդների հետ, Պուտինն ընթացիկ և անցած տարում ամենաշատը Փաշինյանի հետ է հեռախոսով զրուցել», - ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նոյեմբերին Երևանում նախատեսված է Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի ՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը:

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ այս տարվա ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ասված էր, որ Պուտինն ընդունել է Փաշինյանի հրավերը՝ այս տարվա երկրորդ կեսին Երևանում մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։
Ռուսաստանի նախագահի առաջիկա պետական այցի և Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքի մասին խոսել են նաև երկու երկրների արտգործնախարարները օրերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG