Մատչելիության հղումներ

ԱՄՆ այցի շրջանակում Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Կանզասում


Հայաստան պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն և հանդիպել Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։

Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։

«Բարձր եմ գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաև ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։ Գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն տասնամյակներ շարունակ հանդիսանում է Կանզասի ավանդական գործընկերը և պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ», - գրել է նախարարը։

Չորեքշաբթի օրը Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի հետ։

Պաշտպանության նախարարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ Պապիկյանը ներկայացրել է փոխգործակցության, մասնավորապես` Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի միջև համագործակցության հեռանկարները, գեներալ-մայոր Վեյշարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նահանգապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ գործադրել առավելագույն ջանք համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու հարցում։

Նախարարը Լորա Քելլիին հրավիրել է այցելելու Հայաստան։

Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի, Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր։

Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 5-ին։

Որպես նախարար սա Պապիկյանի առաջին այցն է Միացյալ Նահանգներ։ Թե ինչ նպատակով է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն ԱՄՆ-ում և ինչ հանդիպումներ են նախատեսված, նախարարությունը չի մանրամասնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG