Մատչելիության հղումներ

Էրդողանի աշխատակազմը վերահսկում է Թուրքիայի լրատվական դաշտը. Reuters


«Թուրքիայի նախագահի աշխատակազմը վերահսկում է երկրի գրեթե ողջ լրատվական դաշտը», - պնդում են Reuters գործակալության կողմից օրերս հրապարակված հետաքննության հեղինակները։

Reuters-ը զրուցել է Թուրքիայի լրատվական դաշտի և իշխանական շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ, ոմանց հետ՝ նրանց ինքնությունը չբացահայտելու պայմանով։ Այս զրույցների ընթացքում գործակալությանը հաջողվել է պարզել, թե ինչ մեխանիզմներ է կիրառում Էրդողանի թիմը Թուրքիայի երբեմնի ազատ և բազմակարծությամբ աչքի ընկնող լրատվական դաշտը վերահսկելու համար։

Reuters-ի տեղեկություններով՝ այդ գործում առանցքային դերակատարությունը վերապահված է 2018-ին կառավարությանը կից ստեղծված Հանրային կապերի տնօրինությանը, որը ղեկավարում է նախին համալսարանական դասախոս 45-ամյա Ֆահրեթդին Ալթունը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս կառույցի աշխատակիցները հեռախոսազանգերի և Whatsapp-ով արված հաղորդագրությունների միջոցով ուղղորդում են լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությունը։ «Հրահանգները հիմնականում իջեցվում են գլխավոր խմբագիրների, հեռուստաընկերությունների ծրագրերի տնօրենների և լրատվամիջոցների՝ Անկարայում հավատարմագրված թղթակիցների միջոցով», - պարզել է Reuters-ը՝ նաև կոնկրետ օրինակներով ապացուցելով, թե ինչպես է տարեկան 38 միլիոն դոլարի բյուջե և աշխարհի 43 երկրներում գրասենյակներ ունեցող Հանրային կապերի տնօրինությունը վերահսկում թուրքական մամուլի գործունեությունը։

Այսպես, երկու տարի առաջ, երբ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքն անսպասելիորեն հրաժարական ներկայացրեց ֆինանսների նախարարի պաշտոնից, այդ մասին թուրքական հեռուստաընկերությունները, թերթերն ու կայքերը հաղորդեցին գրեթե 30-ժամյա ուշացումով։ «Ֆահրեթդին Ալթունը լրատվամիջոցների ղեկավարներին հրահանգել էր Ալբայրաքի հրաժարականի մասին չհաղորդել, քանի դեռ Էրդողանն այն չէր ընդունել», - պնդում են Reuters-ի զրուցակիցները։

Գրեթե նույն պատմությունն էր 2020-ի փետրվարին, երբ Սիրիայի հյուսիսում, ռուսական օդուժի գործողության գոտում իրականացված հարվածի հետևանքով 30 թուրք զինվորականներ զոհվեցին։ «Թուրքական բանակի՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում արձանագրված ամենամեծ միաժամանակյա կորուստների մասին լրատվամիջոցները միայն պաշտոնական տեղեկատվություն էին հաղորդում՝ կրկին Ալթունի ղեկավարած կառույցի հրահանգներին հետևելով», - նշում են հետաքննության հեղինակները։

Սխալ կլիներ կարծել, սակայն, որ Էրդողանի կուսակցությունը լրատվական դաշտի կառավարման այս մեթոդները որդեգրել է միայն վերջին տարիներին։ Reuters-ը հիշեցնում է 2006 թվականի իրադարձությունները, երբ թուրքական լրատվամիջոցները Օրհան Փամուկին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ շնորհելու մասին հաղորդեցին միայն Ռեջեպ Թայիփ Էրդողանի պաշտոնական շնորհավորանքից հետո։

Reuters-ի գրեթե բոլոր զրուցակիները նաև նշել են, որ վերջին տարիներին փաստացի գրաքննությունից բացի թուրքական մեդիայի ևս մեկ բնորոշ գիծը դարձել է ինքնագրաքննությունը, երբ լրագրողներն ու լրատվամիջոցները խուսափում են վիճահարույց թեմաներ արծարծելուց։

«Կառավարությունը շատ նման է երեխայի կամ սիրուհու։ Հեշտությամբ կարելի է կռահել, թե ինչը կարող է նրան անհանգստություն պատճառել կամ նյարդայնացնել», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրքական հեռուստատեսության վետերաններից մեկը, որը, սակայն, ինչպես և գործակալության գրեթե բոլոր զրուցակիցները, խնդրել է չհրապարակել իր անունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG