Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ևս 5 մլրդ եվրո օգնություն կտրամադրի Ուկրաինային


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ, Բրյուսել, 5-ը սեպտեմբերի, 2022թ.

Եվրամիությունն այս շաբաթ Ուկրաինային կառաջարկի լրացուցիչ 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Բացի 10 միլիարդ եվրոյից, որը մենք արդեն տրամադրել ենք, այս շաբաթ մենք կառաջարկենք լրացուցիչ 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն: Եվրամիությունը կկանգնի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ մեկնաբանելով Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումը։

Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացել է ԵՄ-Ուկրաինա ասոցացման խորհրդի 8-րդ նիստը, որի ընթացքում, ըստ Եվրահանձնաժողովի կոմյունիկեի, քննարկվել է երկկողմ օրակարգը, մասնավորապես՝ Ասոցացման համաձայնագրի կատարման ընթացքը և համագործակցության վիճակը։ Նիստը համանախագահել են ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը և Ուկրաինայի վարչապետը։

ԵՄ մակրոֆինանսական աջակցության նոր ծրագիրը 7-րդն է։ Կիևը նախորդ՝ 6-րդ ծրագրով վերջին տրանշը ստացել է մայիսին, ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 1,2 միլիարդ եվրո։

XS
SM
MD
LG