Մատչելիության հղումներ

Փաշինյան-Ալիև բրյուսելյան վերջին հանդիպմանն, ըստ քաղաքագետի, առաջընթաց կա՛մ չի եղել, կա՛մ եղել է բավականաչափ քիչ


Օգոստոսի 31-ին Փաշինյան-Ալիև բրյուսելյան 4-ժամանոց հանդիպմանն «առավել քիչ առաջընթաց է ձեռքբերվել, եթե ընդհանրապես առաջընթաց ձեռք բերվել է», կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ առաջընթաց կա, որ պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Այդ նպատակով Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է հանդիպեն։

Պողոսյանը նկատում է՝ արտգործնախարարների հանդիպման մասին խոսվում էր նաև նախորդ հանդիպումներից հետո՝ արդեն չորս-հինգ ամիս, սակայն լուրջ առաջընթաց չկա։

Շառլ Միշելի ապրիլի 6-ի, մայիսի 22-ի և օգոստոսի 31-ի հանդիպումներից հետո հայտարարությունների տեքստերը վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ այս անգամ թերևս առաջընթաց կամ չի եղել, կամ եղել է բավականաչափ քիչ, ասաց քաղաքագետը։

«Տեսեք․ նախ՝ խաղաղության պայմանագրի մասով․ առաջին անգամ դրա մասին խոսվեց ապրիլի 6-ի հայտարարության մեջ, նշվեց, որ արտաքին գործերի նախարարներն իրենց թիմերով պետք է սկսեն մոտ ապագայում աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, դրանից հետո մենք տեսանք մի քանի հեռախոսազանգեր արտգործնախարարների միջև, մայիսի 22-ին նորից շեշտվեց, որ աշխատանքները շարունակվելու են խաղաղության պայմանագրի շուրջ, դրանից հետո եղավ ընդամենը մեկ հանդիպում արտգործնախարարների՝ հուլիսի 16 Թբիլիսիում, սակայն եթե հաշվի առնենք, որ այդ հանդիպումից ընդամենը երկու շաբաթ անց մենք ականատես եղանք ռազմական էսկալացիայի, նկատի ունեմ օգոստոսի 1, օգոստոսի 3՝ զոհեր, ապա հասկանալի է, որ դժվար թե կարելի է մեծ հաջողություն համարել հուլիսի 16-ի հանդիպումը։

Հիմա եթե նայում ենք օգոստոսի 31-ի հայտարարությունը, նշվում է, որ առաջիկա մեկ ամսում արտգործնախարարները պետք է հանդիպեն և քննարկեն տեքստեր։ Սակայն, եթե դիտարկում ենք ընդհանուր պրոցեսի մեջ, ապա հասկանալի է, որ այդ մասին խոսվում է արդեն չորս-հինգ ամիս, սակայն լուրջ առաջընթաց չկա, էլ ավելի հստակ չէ վիճակը կոմունիկացիաների հետ կապված։ Մի խոսքով՝ եթե զուտ կոնտենտ վերլուծություն ենք անում Շառլ Միշելի հայտարարությունների, ապա իմ գնահատմամբ, այս հանդիպման ընթացքում առավել քիչ առաջընթաց է ձեռքբերվել, եթե ընդհանրապես առաջընթաց ձեռք բերվել է», - եզրափակեց Պողոսյանը։

Ի դեպ, Փաշինյան Ալիև հանդիպումը հյուրընկալած Եվրոպական խորհրդի նախագահը բանակցություններից հետո հայտարարություն է տարածել, որում որևէ անդրադարձ չկար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, թեև, ինչպես հաղորդել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմը, այդ մասին քննարկում եղել է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG