Մատչելիության հղումներ

Ջաջուռ կայարանի տարրական դպրոցը մեկ ուսուցիչ ունի. նա է դասավանդում բոլոր առարկաները


Շուրջ երկու հարյուր բնակիչ ունեցող Ջաջուռ կայարանի տարրական դպրոցը 33 տարի է` գործում է մի փոքրիկ տնակում։ Փտած ու քայքայված տնակ - դպրոցը միջազգային մի կազմակերպության օգնությամբ մի քանի տարի առաջ վերանորոգել են:

Տարրական դպրոցում այս տարի 8 աշակերտ կսովորի: Երեխաները մեկ ուսուցիչ ունեն՝ Հերմինե Ասատրյանն է, ով դասավանդում է բոլոր առարկաները՝ ֆիզկուլտուրայից մինչև օտար լեզուներ:

«Բոլոր վերապատրաստումներին գնում եմ, քանի որ չունենք մասնագետ, որպեսզի երեխաները չտուժեն, ես գիտենամ յուրաքանչյուր առարկայի բարդությունը, դրա հետ աշխատելը: Շատ-շատ ես աշխատում եմ, նույնիսկ կարող եմ ասել` աշխատանքից դուրս էլ զբաղվում եմ անընդհատ, ինքնակրթությամբ եմ զբաղվում էլի, որպեսզի կարողանամ երեխաներին ճիշտ ուսուցանել», - «Ազատությանն» ասաց նա:

Ասատրյանն այս նույն դպրոցում է սովորել ու արդեն 27 տարի է` նույն դպրոցում է դասավանդում: Սկզբում դպրոցը 5 մանկավարժ է ունեցել, աշակերտների թիվն էլ ավելի շատ է եղել: Բայց վերջին տասը տարվա ընթացքում նա գյուղի միակ ուսուցիչն է։ Ասում է՝ տարիների ընթացքում սովորել է 4 տարբեր դասարանի աշակերտների դասերը միաժամանակ մեկ դասասենյակում անցկացնելու նրբությունները:

«Մի դասարանին տալիս եմ գրավոր, մյուս դասարանին տալիս եմ բանավոր, բայց դասեր կան, թեմաներ կան, որ երկրորդը, երրորդը, չորրորդը միասին են անցնում», - ասում է նա:

Քառակոմպլեկտ դասարանում դասապրոցես կազմակերպելը դժվար է, խոստովանում է միակ ուսուցիչը. «Չեմ կարող ասել` դրական կողմ ունի, ավելի հաճելի կլինի մտնես դասարան, մի դասարանի հետ պարապես 45 րոպե, մի առարկան մի դասարանին տրամադրես, բայց քանի որ հնարավորությունը սա է, հարմարվել ենք, աշխատում ենք: Լավ կլիներ, որ յուրաքանչյուր դասարան ունենար իր դասվարը, առանձինժառանձին պարապեին, ինչպես որ պարապել ենք նախկինում` նախքան օպտիմիզացիան»:

Դպրոցի տնօրեն Էմմա Սարգսյանը կարծում է՝ կոմպլեկտավորված դասարանում խախտվում են երեխաների իրավունքները. «Երեխայի իրավունքի ոտնահարում, ես այդպես եմ մտածում, դա այդ երեխայի 45 րոպեն է, ոչ ոք իրավունք չունի, այսինքն` այդ իրավունքը մենք չենք դրել, պետությունն է սահմանել, համ այն է ասվում, համ այն է ասվում` համ երեխայի իրավունքն է առաջանային բոլոր դեպքերում, բայց նաև մենք այսպես ենք դասավորել, կամա-ակամա խախտում ենք»:

Տնօրենը երկրորդ ուսուցչի կարիքը տեսնում է, բայց ասում է՝ դասաժամերն են քիչ, ու դժվար թե որևէ մեկը համաձայնի գյուղ հասնել մեկ-երկու ժամ պարապելու համար:

«Երկու դասաժամի համար հաստատ ոչ մեկն այստեղ չի գա, ու հլը նոր նախորդ ուսումնական տարվանից է սկսվել փոխհատուցումը տրանսպորտային միջոցների, որ ուսուցիչները ծախսում են, դրանից առաջ չի եղել, ո՞ւմ կարող ես ասել, թե ստացածդ գումարից ավելին ծախսի, արի, այդ երկու ժամը պարապի, գնա», - ասաց նա:

Տնօրենի խոսքով՝ առաջիկայում, երբ նոր չափորոշիչներով կկոմպլեկտավորվեն դասարանները, հնարավոր է` դասարանների թիվը շատանա, որի արդյունքում մանկավարժի նոր հաստիք կառաջանա։ 8 աշակերտ ունեցող դպրոցի համար պետությունը տարեկան մոտ 9 մլն դրամ է հատկացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG