Մատչելիության հղումներ

Մահացել է «Լուկօյլ»-ի ղեկավարը, քննարկվում է ինքնասպանության վարկածը


«Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանով, արխիվ
«Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանով, արխիվ

Մահացել է ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը։

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով անանուն աղբյուրը, հայտնում է, որ Մագանովը ցած է նետվել Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։

Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն՝ 67 -ամյա Մագանովը բուժում էր ստանում հիվանդանոցի վեցերորդ հարկի բաժանմունքներից մեկում․ նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, ավելի վաղ Մագանովի մոտ դեպրեսիա էր ախտորոշվել:

Նախնական վարկածի համաձայն՝ «Լուկօյլ»-ի ազդեցիկ պաշտոնյայի մահը վրա է հասել վնասվածքների հետևանքով, որոնք նա ստացել է բարձր հարկից նետվելուց հետո։ Միջադեպի վարկած է դիտարկվում ինքնասպանությունը։

Հաղորդվում է, որ դեպքի վայրում այժմ աշխատում են ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները:

Ռավիլ Մագանովը «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդում է 1993 թվականից, խորհրդի նախագահ է նշանակվել 2020 թվականին, նա է ընկերության անվանման հեղինակը։

XS
SM
MD
LG