Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկն այլևս չի կարելի հետաձգել»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ բուհերում նախատեսվող բարեփոխումներին։

«Բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների մեկնարկն այլևս չի կարելի հետաձգել։ Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար, այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել, ընդ որում՝ պետական բուհերում թափուր են մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը», - ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ մտադիր են գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես որ առավելագույնը 8 պետական բուհ լինի, որոնք, ըստ վարչապետի, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին։

Բուհերի համար պետությունը կսահմանի ստանդարտներ. - «Հայաստանի Հանրապետությունում բուհ կարող է կոչվել միայն այն հաստատությունը, որը կհամապատասխանի այդ ստանդարտին։ Որ բուհը չհամապատասխանի պետության կողմից սահմանված չափանիշին, մենք գնում ենք ու դռան վրայի փակցված բուհ գրված ցուցանակը հանում ենք, որովհետև շատ դեպքերում այդ ցուցանակից բացի այլ բան չկա։ Հայաստանը երկար տարիներ միջազգային սկանդալների կիզակետում է հայտնվում։ Մենք հետևողական պետք է լինենք, տեղեր կան, որր միայն այդ ցուցանակն է ու հաճախ վիրաբույժի դիպլոմ են տալիս։ Հետո էդ մարդիկ գնում ընդունվում են տարբեր երկրներում աշխատանքի, դեպքեր է լինում, սկսում են հարցնել՝ այս մարդուն ո՞վ է դիպլոմ տվել։ Այդ մարդուն դիպլոմ է տվել Հայաստանի Հանրապետությունը»։

Փաշինյանն ասաց՝ «եթե հիմա այս որոշումները չկայացնենք, աղետի առաջ ենք կանգնելու, էսօր արդեն աղետի առաջ ենք»։

Վարչապետն այսօր հայտարարեց նաև՝ Աշտարակում կկառուցվի ակադեմիական քաղաք, միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ։

XS
SM
MD
LG