Մատչելիության հղումներ

«Ուր գնում ես, մենակ շուն է». թափառող կենդանիների հարցը` լուրջ խնդիր Վանաձորում


Վանաձորցի Սուսաննա Ղազարյանին քննադատում են, վիճաբանում հետն ու անգամ վիրավորում` քաղաքի թափառող շներին մարդաշատ վայրերում իրար գլուխ հավաքելու, կերակրելու, հարկ եղած դեպքում Երևան՝ բուժման տանելու համար։ Ասում է՝ անձամբ է տեսել՝ ինչպես են մեծ ու փոքր հարվածում շներին, վնասում ու անգամ աղբամաններ նետում նորածին ձագերին։

«Կենդանին ծնվել է, իրավունք ունի ապրելու էս երկրում, ինչպես մենք: Ստեղ շնատյաց մարդիկ են բոլորը, էս շներն օր ու արև չունեն ոչ մի անգամ», - պատմում է նա:

Տաղավարում հավաքված տարեցները հաստատում են՝ քարերով խփում են շներին այգուց հեռացնելու համար։ Պատմում են՝ աչքով են տեսել՝ ինչպես են շները հարձակվում երեխաների վրա։ Ուրիշները թե՝ գիշերը քուն ու դադար չունեն հաչոցից. «Էս բոլոր թոշակառուները էնքան են քարկոծել, դրա համար շները հիմա մի քիչ լռել են, բայց դրանով չի սահմանափակվում: Խփել ենք, բա ի՞նչ անենք, տանք, սատկացնենք, բա որ դուք չեք կարում սպանեք, գոնե մենք սպանենք»:

«Ամբողջ գիշեր չեն թողնում մենք, 10-15 շուն ամբողջ գիշեր կռվում են», - ասում են նրանք:

Վանաձորի բժշկական կենտրոնի տվյալներով` այս տարվա ութ ամիսներին տարբեր տարիքի 290 մարդ է տեղափոխվել հիվանդանոց շների հարձակման հետևանքով։ Անգամ լուրջ վնասվածքներ ունեցող երեխաներ են եղել, որոնք երկարատև բուժում են ստացել, հայտնում են բուժկենտրոնից։ Վանաձորցիների պնդմամբ` եթե անգամ բանը կծելուն չի հասնում, ապա հոգեբանական լուրջ հետևանքներ են լինում։ Շների հարձակումներից վախենում են թե՛ երեխաները և թե՛ մեծերը։

«Գալիս էր տուն երեխան, շները հարձակվել էին, լավ ա մարդիկ հավաքվել, շներին քշել էին, ու ինքն ահավոր վախեցել էր: Սա այգի չի մարդկանց համար, սա շների համար այգի է: Ուր գնում ես, մենակ շուն է», - ասում է տեղացիներից մյուսը:

Մինչդեռ վանաձորցի կենդանասերները հակադարձում են՝ եթե մարդիկ չվնասեն, շները երբեք չեն հարձակվի։

Վանաձորում թափառող շների խնդիրը լուծելու համար համայնքապետարանը մոտ 7,5 միլիոն դրամ է նախատեսել։ 170 շուն կստերջացվի։ Քաղաքային իշխանությունն օգոստոսի սկզբին է պայմանագիր կնքել մրցույթում հաղթած Արման Արզումանյանի հետ, նա էլ իր հերթին ծառայություն մատուցելու պայմանավորվածություն ունի գյումրեցի անասնաբույժ Արսեն Սմբուլյանի հետ։ Վերջինս «Ազատությանն» ասաց՝ պայմանավորվել են սեպտեմբերին սկսել վանաձորցի շների ստերջացումը, մինչդեռ օրերս կենդանասերների ֆեյսբուքյան էջերում հրապարակումներ եղան, թե քաղաքում ուշ երեկոյան շներ են հավաքել, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում տեղավորել անգամ նախկինում արդեն ստերջացված ու կլիպսավորված շներին։

Ուկրաինայից ամիսներ առաջ Վանաձոր տեղափոխված Նիկոլայ Հովսեփյանն ու նրա ընկերները դիմել են Ոստիկանություն` անհայտ ուղղությամբ տարված շների ճակատագիրը պարզելու պահանջով։ Ահազանգի հետքերով իրավապահներն ստուգում են կամավորների պնդումները, թե հնարավոր է՝ հավաքված շներին սպանել են։

Ուկրաինայում տարիներ շարունակ թափառող շների խնամքով որպես կամավոր զբաղված Նիկոլայն ասում է՝ աչքի տակ են պահելու գործընթացն ու թույլ չեն տալու որևէ ապօրինի գործողություն. «Որ շատ վախենում են, ասում են` Հայաստանում կատաղությունն իրար կենդանիներն ուտում են, կատաղած են ոչ թե կենդանիները, կատաղած են մարդկանց հոգիները»:

Արդյոք 170 շուն ստերջացնելով Վանաձորում կլուծվի խնդիրը, եթե տարբեր հաշվարկներով առնվազն 2000 թափառող շուն կա քաղաքում։

Քանի դեռ Վանաձորում անլուծելի է թվում թափառող շների խնդիրը, միայն կենսաթոշակի ու նպաստի հաշվին ապրող վանաձորցի Սուսաննա Ղազարյանն ասում է՝ չի դադարի խնամել անտերության մատնված կենդանիներին, եթե անգամ դրա համար անհրաժեշտ լինի ծախսել իր վերջին դրամը. «Ես պարզապես չեմ կարա չանեմ, ես սոված կմնամ, շները պիտի սոված չմնան ու չեն մնացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG