Մատչելիության հղումներ

ԵՄ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ 2007-ին կնքված վիզային համաձայնագրի գործողությունը


Եվրամիությունը կդադարեցնի Ռուսաստանի հետ 2007 թվականին կնքված վիազային համաձայնագրի գործողությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը դաշինքի արտգործնախարարների Պրահայում կայացած գագաթնաժողովի ավարտին։

«Ռուսաստան-ԵՄ վիզային համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ դադարեցվում է։ Եթե նախկինում այն սառեցվել էր Ռուսաստանի քաղաքացիների որոշ խմբերի, մասնավորաբար պաշտոնյաների և գործարարների համար, ապա այժմ այն ամբողջական բնույթ է կրելու։ Դա Ռուսաստանի քաղաքացիներին ԵՄ անդամ պետությունների կողմից տրամադրվող վիզաների թվի կտրուկ անկման կհանգեցնի», - ասել է Բորելը։

Եվրամիության անդամ մի շարք պետություններ, այդ թվում` բալթյան երեք երկրները, Լեհաստանը և դաշինքում նախագահություն ստանձնած Չեխիան հանդես էին գալիս ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման 100 տոկոսանոց դադարեցման օգտին։ Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում, սակայն, ԵՄ անդամները չեն կարողացել այս հարցում ընդհանուր հայտարարի գալ։

Ռուսաստանի դեմ վիզային պատժամիջոցների կիրառմանը, մասնավորաբար, դեմ է հանդես գալիս պաշտոնական Բուդապեշտը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

XS
SM
MD
LG