Մատչելիության հղումներ

Նախաքննական մարմինը գեներալ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնել


Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյան
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյան

Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնական անփութության համար մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը։

Երեկ ձերբակալված գեներալը այսօր ազատ է արձակվել ձերբակալման ժամկետը լրանալու հիմքով։ Դատարանը, սակայն, այսօր նախաքննական մարմնի միջնորդությամբ պետք է քննի Արզումանյանի կալանավորման հարցը։

Նախկին բարձրաստիճան զինվորականը, ով այժմ Արցախի նախագահի խորհրդականն է, ըստ Քննչական կոմիտեի պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։

Ըստ հաղորդագրության, Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժը, այդ թվում 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։

Իրավապահների պնդմամբ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Արզումանյանի ստորագրությամբ օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացվել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին արդեն հաջողվել էր ներթափանցել Շուշի։

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ևս ներգրավված է եղել Շուշիի պաշտպանությանը, «Ազատության» հետ զրույցում խնդրահարույց որակեց մեղադրանքը. - «Գեներալ Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատար և 10-12 օր է, ինչքան գիտեմ, գործել։ Դժվար էր այդ իրավիճակում ինչ-որ բեկում մտցնել։ Այս իշխանություններն են ամեն ինչի մեղավորը, և այս իշխանությունները փորձելու են ամեն ինչ մարտավարական և այլ օղակների հրամանատարական կազմի վրա գցել։ Այնինչ իրենք են տարել երկիրը մտցրել պատերազմի մեջ, բանակին չեն աջակցել»։

Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեսյբուքյան գրառմամբ հայտարարել է, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի նկատմամբ մի շարք ապօրինություններ են թույլ տրվել։ Նրա փոխանցմամբ, երեկ Արցախ-Երևան ավտոճանապարհին կանգնեցրել և հարկադրաբար, հատուկ ջոկատայինների օժանդակությամբ Արզումանյանին տարել են քննիչի մոտ։ Գործողության հիմք է ծառայել դեռ օգոստոսի 25-ին Արզումանյանի հարցաքննության կանչելու ինչ-որ ծանուցագիր, որը, փաստաբանի պնդմամբ, իր վստահորդը չի ստացել։ Արդեն այսօր առավոտյան կայացած դատական նիստին պաշտպանական կողմին է հանձնվել 50 էջանոց կալանավորման միջորդություը և երեք հատորից բաղկացած գործի նյութեր և դրանց ծանոթանալու համար հատկացվել մեկ ժամ ժամանակ։ Թե' Արզումանյանի ազատ արձակելու, թե' նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ պահանջելու Սարգսյանի միջնորդություն դատարանը նախ մերժել է, ապա 40 րոպե անց հրատապ նիստ է հրավիրել՝ հայտարարելով Արզումյանին ազատ արձակելու և նիստը մինչև19 ։00 տեղափոխելու մասին։ Այս ամենից փաստաբանը հետևություն է արել , որ դատավորը ինչ-որ տեղից ուղորդվում է և կալանքի ելքը արդեն որոշված է։

Արզումանյանի ցուցադրաբար ձերբակալելու իրավապահների քայլը քննադատում է նաև ընդդիմությունը։

«Եթե Արզումանյանին պատշաճ կերպով ասեին՝ եկեք ներկայացեք, ինքը չէ՞ր ներկայանա։ Սա թատերականացված, բեմականացված միջոցառումներ են», - ասաց Սեյրան Օհանյանը։

49-ամյա Արզումանյանը Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը գրեթե մեկ տարի անց ազատվեց պաշտոնից, ապա նշանակվեց Արցախի նախագահի խորհրդական։

Նրա ձերբակալմանը երեկ արձագանել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակը՝ հույս հայտնելով , որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն։

XS
SM
MD
LG