Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Միքայել Արզումանյանի ձերբակալության լուրը


Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարարներ Վաղարշակ Հարությունյան, Միքայել Արզումանյան, արխիվ
Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարարներ Վաղարշակ Հարությունյան, Միքայել Արզումանյան, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեն ժամեր շարունակ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանի ձերբակալության լուրը։

Նախկին բարձրաստիճան զինվորականն այժմ Արցախի նախագահի խորհրդականն է, և նրա ձերբակալության լուրը, ըստ էության, հաստատել է Արայիկ Հարությունյանի խոսնակը՝ «Արցախպրես»-ին ասելով, որ նախագահը ձերբակալության մասին տեղեկացված չի եղել: Պարզ չէ, սակայն, թե ինչի համար է կասկածվում գեներալ - լեյտենանտը։

«Գեներալ Արզումանյանին նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը։ Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ. պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ: Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն»,- ասել է Արայիկ Հարությունյանի խոսնակը։

49-ամյա Արզումանյանը պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը գրեթե մեկ տարի անց ազատվեց պաշտոնից, ապա նշանակվեց Արցախի նախագահի խորհրդական։

XS
SM
MD
LG