Մատչելիության հղումներ

Օպերայի և բալետի ազգային թատրոնը հոբելյանական նստաշրջանը կբացի Վանաձորում


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հոբելյանական 90-րդ թատերաշրջանը կբացի Վանաձորում սեպտեմբերի 2-ին՝ Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում առաջին անգամ ներկայացնելով Տիգրանյանի հանրահայտ «Անուշ» օպերան։

Թատերաշրջանի մեկնարկից առաջ այսօր հրավիրած ասուլիսին թատրոնի տնօրեն և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանը շեշտեց։ - «Վստահ եմ, որ հարգարժան մեր հանդիսատեսը, որը Վանաձորում է, շատ սպասում է և ուրախ կլինի տեսնել լոռեցու ստեղծագործությունը։ Էստեղ կա սիմվոլ, որովհետև համայն հայության [բանաստեղծ] Թումանյանի ստեղծագործությունը, որը կհնչի Լոռիի մայրաքաղաքում, կարծում եմ, շատ կարևոր է։ Այն էլ՝ օպերային տարբերակով»։

Հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը Վանաձորում հնարավոր է դարձել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող մարզային ծրագրերի շրջանակներում։ Հսկայածավալ աշխատանք է կատարվելու։ Բացի շուրջ 150 հոգուց բաղկացած անձնակազմից (մենակատարներy, երգչախումբն ու նվագախումբը, տեխնիկական աշխատակազմը), տեղափոխվելու են օպերային ներկայացման դեկորները, հագուստը, սարքավորումները։ Վանաձոր մեկնեն մենակատարները, թատրոնի երգչախումբն ու նվագախումբը տեխնիկական աշխատակազմի հետ մեկտեղ հոգով։

Արա Խզմալյան
Արա Խզմալյան

Ինչպես ընդգծում էր ասուլիսին ներկա ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը. - «Ինչ վերաբերում է հոբելյանական թատերաշրջանը Վանաձորում մեկնարկելուն, ես ասեմ, որ անձամբ ինձ համար սա իսկապես տոն է։ Անձամբ ինձ համար այս քայլը թատրոնի ղեկավարության իսկապես իրադարձային է, որովհետև երբ մենք խոսում ենք մշակույթի ապակենտրոնացման, մշակութային կյանքի ապակենտրոնացման մասին, ապա նման կարևորագույն կառույցի հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը մարզում ևս այդ ապակենտրոնացման կարևոր դրսևորումներից մեկն է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ սա սոսկ հյուրախաղ չէ, սա սոսկ մի երեկոյի հանդիսություն չէ։ Սա պետական քաղաքականության դրսևորում է, սա ուղերձ է, մեսիջ է՝ ուղղված հանրությանը, որ այո, կարևորագույն բոլոր իրադարձությունները, մշակութային կարևորագույն հաստատությունները պետք է մտածեն և պարտավոր են իրենց գործունեությունը զգալիորեն կապելու համայնքների, մարզերի հետ։ Ես սա դրա լավագույն դրսևորումներից է»։

Սեպտեմբերի 3-ին կրկին Վանաձորում, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում օպերային թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Երեք սոպրանո» խորագրով համերգ, որտեղ կհնչեն սիրված ժողովրդական մեղեդիներ՝ Ստեփան Շաքարյանի և Ռոբերտ Մավիսակալյանի մշակմամբ։ Հանդես կգան մեր լավագույն մեներգչուհիներից Մագդա Մկրտչյանը, Մարինե Դեինյանը և Նունե Բադալյանը։

Կարեն Դուրգարյանը նշեց, որ առաջիկայում մարզերում առավել հաճախ ելույթ ունենալու հնարավորություն կունենան. - «Աստծու կամքով, մենք սպասում ենք մի հարթակ, որը պետք է գա։ Այդ հարթակի միջոցով, հավատացեք, մենք կկարողանանք ավելի հաճախ ելույթ ունենալ մարզերում, որովհետև ոչ բոլոր բեմահարթակներն են համապատասխանում, ասենք, բալետային ներկայացումներ ցուցադրելու համար։ Դուք պատկերացրեք, եթե այդ հարթակները եղան, հոսքը դեպի մարզեր թատրոնի կողմից գոնե երեք անգամ կշատանա»։

Սա միակ նորույթը չէ օպերային թատրոնի հետ կապված։ Այսօր հայտնի դարձավ նաև, որ թատրոնի ղեկավարությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թատրոնի ներքնահարկում, որտեղ էլ ասուլիս էին հրավիրել, մի նոր բեմական ասպարեզ է նախապատրաստում։

«Օպերային թատրոնը, ցավոք, չունի մեծ տարածքներ փորձասենյակների, և մենք պատկերացնում ենք, որ սա կարող է դառնալ փորձասենյակ։ Մի կողմից։ Մյուս կողմից, ինքը կարող է դառնալ այնպիսի հարթակ, որտեղ երիտասարդ ստեղծագործողները կարողանան իրենց ստեղծագործությունները ցույց տալ։ Որովհետև մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդ նկարիչներ, խորեոգրաֆներ, ռեժիսորներ, որոնք տարածք չունեն, և բազմաթիվ օպերաներ կան գրված։ Մենք պատկերացնում ենք, որ մոնոօպերաների փառատոն պետք է լինի, և այս տարածքը կծառայի դրա համար», - ասաց Կարեն Դուրգարյանը։

Արա Խզմալյանը հավելեց. - «Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի համար օպերայի և բալետի թատրոնի գոյությունը վկայությունն է համաեվրոպական մշակութային իրողություններին հարաբերակից լինելու և ընդհանուր առմամբ եվրոպական մշակույթի այդ մեծ ընտանիքի անդամ լինելու։ Շատ անսպասելի միջավայրում ենք հայտնվել այսօր։ Իսկապես այսօր մենք լրջագույն խնդիր ունենք մշակութային իրադարձությունների, ներկայացումների ալտերնատիվ հարթակների։ Շատ հաճախ մեր արվեստագետների միտքը, մտահղացումները, երևակայությունը կաշկանդվում է, որովհետև մեր բոլոր այն հարթակները, որտեղ մենք կարող ենք հանդես գալ, դրանք դասական ձևաչափեր են, որը թելադրում է ակամա իր գեղագիտությունը, իր գեղարվեստականությունը։ Եվ մեր ստեղծագործողները վերջին շրջանում ավելի ու ավելի են փնտրում ալտերնատիվ հարթակներ, որտեղ կարելի է այլ ձևեր որոնել, փորձարարական այլ մոտեցումներ ցուցաբերել, և մեծ հույս ունեմ, որ մոտ ժամանակներում նկուղային այս հարթակը կդառնա իսկապես մշակութային որոնումների և փորձարարության կենտրոն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG