Մատչելիության հղումներ

Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը. Վաշինգտոնն արձագանքում է Բաքվին


ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնին Ֆիլիպ Ռիքերի նշանակման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության կոշտ հայտարարությանը։ Ժամեր առաջ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության Գլոբալ հանրային կապերի բյուրոյի փոխխոսնակ Վեդանթ Պատելն ասել է, թե Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը Պատելին հարցրել է «ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացում ԱՄՆ դերակատարության մասին՝ հատկապես ԱՄՆ պետքարտուղարի երեկվա հայտարարության համատեքստում»։ «Կարծես, ադրբեջանական կողմը զարմացած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և կովկասյան հարցերով բանակցություններում ավագ խորհրդականի պաշտոնում դեսպան Ռիքերի նշանակմամբ։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այդ նշանակումը բնութագրել է որպես «մի մոտեցում, որը հեռու է տարածաշրջանում հետհակամարտային իրողությունից»։ Կարո՞ղ եք արձագանքել սրան»։

Վեդաթ Պատելն այսպես է արձագանքել. - «Հայաստանին ու Ադրբեջանին և դեսպան Ռիքերի նշանակմանը վերաբերող Ձեր հարցի վերաբերյալ...։ Տեսեք, պետքարտուղարը նշանակել է նրան ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում՝ ընդգծելու Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելու մեր հանձնառությունը։ Որպես երկիր մենք հանձնառու են նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը՝ երկկողմ, բազմակողմ [ձևաչափերով] և նույնակերպ մտածող գործընկերների միջոցով՝ հասնալու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը։ Նրա ընտրությունն ընդգծում է մեր հանձնառությունը Ժնևի միջազգային քննարկումներին, որտեղ մենք շարունակելու ենք Ռուսաստանից պահանջել՝ հաշվետու լինել 2008 թվականի զինադադարի ներքո արված իր իսկ հանձնառություններին։ Դեսպան Ռիքերի՝ դիվանագիտական խորհրդականի առաքելության մի մասն է նաև ներկայացնել ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում և Ժնևի միջազգային քննարկումներում»:

Օգոստոսի 24-ին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդեց պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակման մասին:
«Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը: Դեսպան Ռիքերի նշանակումն այս ժամանակահատվածում վերահաստատում է նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում Միացյալ Նահանգների դերի կարևորությունը», - մասնավորապես ասված էր Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:
Ադրբեջանի արտգործնախարարությունը նշանակման կապակցությամբ երեկ հայտարարել է, թե գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման, «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղն էլ Ադրբեջանի անքակտելի մասն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG