Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները դատապարտում են Ուկրաինայում ընթացող պատերազմի դեմ արտոնված ցույցի անցկացումը խոչընդոտելը


Բողոքի ցույց Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ընդդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։ 24-ը փետրվարի, 2022.
Բողոքի ցույց Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ընդդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։ 24-ը փետրվարի, 2022.

Ամիսներ առաջ Ռուսաստանից երևան տեղափոխված Յուրի Ալեքսեևը երեկ Ազատության հրապարակում մի պահ իրեն Մոկսվայում է զգացել, երբ բողոքի ակցիան չսկսած ոստիկանները սկսել են մասնակիցներին բերման ենթարկել։

Մասնագիտությամբ իրավաբան Յուրին ասում է՝ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, նախապես հենց ինքն է իրազեկել երևանի քաղաքապատերանին, համաձայնեցրել ակցիան. - «Ոստիկանության գործողությունը հակաօրինական էր, պարզ էր, որ նպատակ ունեին թույլ չտալ մեզ ակցիա իրականացնել»։

Յուրի Ալեքսեևը տարիներ շարունակ հայրենիքում մասնակցել է ընդդիմության ցույցերին, բերման ենթարկվել, բայց Հայաստանի դեպքում անակնկալի է եկել։ Ասում է՝ Հայաստանի ժողովրդավարության մասին նրա պատկերացումները երեկվանից հետո փոխվել են. - «Հանկարծ ոստիկանները եկան, ասացին՝ տեղեկություն ունեն, որ ձեր ակցիան վիրավորական բնույթ ունի, պահանջեցին դադարեցնել ցույցը։ Ասացի՝ նման բան չկա, հիմարություն է, ոչ մի հիմք չունեք։ Հետո մեզ բերման ենթարկեցին»։

Այդպես էլ չկայացած ակցիայից հետո ոստիկանությունը 22 հոգու բերման էր ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Խայտառակություն ու ամոթ. քաղհասարակությունն այսպես է որակում տեղի ունեցածը՝ համատեղ հայատարարությամբ ոստիկանությունից պահանջելով հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար։

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցնում է խաղաղ բողոքի ակցիաներով իշխանության եկած բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումները, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է։ Երեկվա միջադեպը, Սաքունցի համոզմամբ, մեծ ստվեր է նետում Հայաստանի վրա. - «Սա դատապարտելի արարք է։ Եվ այստեղ խնդիրը ոչ միայն զուտ ոստիկանության գործողությունների ապօրինության մասին է խոսքը։ Բացարձակ ապօրինություն, որովհետև հավաքը իրազեկված է եղել, հավաքը բացառիկ խաղաղ է եղել։ Այլ քաղաքական իշխանության ապօրինությունն է։ Մի քաղաքական իշխանության, որը հանդես է գալիս խաղաղության օրակարգով, և եթե խաղաղության օրակարգի աջակիցն է, ապա նաև դեմ է ագրեսիային և դեմ է պատերազմական միջոցներով, ուժի կիրառման միջոցներով հարցերի լուծմանը, ապա, մյուս կողմից, այդ նույն պատերազմական միջոցների դեմ հանդես եկողներին է դեմ»։

Ի դեպ, երեկ խաղաղ ցուցարարներին բաժիններ տանելուց մի քանի ժամ առաջ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել էր Հայաստանի կառավարության Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը կարևորել էին համագործակցությունը հատկապես երկկողմ հարաբերություններին վերաբերող ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ապրիլին էլ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարներն էին համատեղ հայտարարությամբ մտահոգություն հայտնել «հակաիրավական և վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման կապակցությամբ»։

Արթուր Սաքունցը հայ-ռուսական այդ հանդիպումներն ու հայտարարությունները հաշվի առնելով՝ պնդում է, որ երեկ տեղի ունեցածը Կրեմլի հրահանգով էր. - «Հարց է առաջանում՝ Հայաստանում ի վերջո իշխանությո՞ւնն է պատասխանատու իրավիճակի համար, թե՞ արդեն բոլոր խնդիրների կարգավորման լիազորությունը հանձնված է Կրեմլին։ Եվ այդ դեպքում իշխանությունը ինչպես է ինքը պատկերացնում իր հետագա կառավարումը, և բացարձակապես անողնաշար, անսկզբունքային և հակաժողովրդավարական այդ գործելակերպով ենթարկվում է ու տուրք է տալիս բռնապետական ռեժիմի ապօրինի պահանջներին»։

Երեկվա միջադեպին անդրադարձել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ տեղեկացնելով, որ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից ավելի քան երկու տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելու ու ակցիան թույլ չտալու վերաբերյալ։ Ոստիկանությունից առայժմ հրապարակավ չեն արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG